Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Կիեւում կհանդիպեն ԱՄՆ-ի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները


Միացյալ Նահանգների ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Ռոբերտ Գեյթսն ու Վեջդի Գյոնուլը կիրակի օրը հանդիպելու են` քննարկելու երկու դաշնակից պետությունների միջեւ առաջացած լարվածությունը: Այս մասին հաղորդում է «Ֆրանսպրես»-ը` նշելով, որ հանդիպումը տեղի է ունենալու Կիեւում, ուր նրանք մասնակցելու են միջազգային համաժողովի:

Գյոնուլն ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են հյուսիսային Իրաք քուրդ գրոհայինների դեմ պայքարելու համար զորքեր ուղարկելու` Թուրքիայի մտադրության, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քվեարկության հետ կապված հարցերը:

Անդրադառնալով թուրք ամերիկյան հարաբերություններում ստեղծված լարվածությանը` «Ֆրանսպրես»-ը իր հաղորդագրությունում նշում է, որ Թուրքիան պաշտոնական Վաշինգտոնին քննադատում է ոչ միայն քուրդ գրոհայինների դեմ պայքարում չհամագործակցելու համար, այլեւ պնդում է, թե Իրաք ուղարկված ամերիկյան զենքերը հայտնվում են Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների մոտ:

«Պաշտոնական Վաշինգտոնը կտրականապես դեմ է Թուրքիայի ներխուժմանը Իրաք, սակայն կորցրել է իր լծակները Անկարայի նկատմամբ, քանի որ անցած շաբաթ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Թուրքիան զգուշացրել է, որ պատասխան քայլերի կդիմի, եթե բանաձեւը հաստատվի պալատի լիագումար նիստում», - հաղորդում է «Ֆրանսպրես»-ը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG