Մատչելիության հղումներ

Միկլոշ Հարաշտին Ռեջեփ Էրդողանին կոչ է անում վերացնել 301 հոդվածը


ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին հասցեագրած նամակում կոչ է արել անհապաղ չեղյալ հայտարարել Քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով պատիժ է սահմանված «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար:

Հարաշտին, մասնավորապես, անդրադարձել է Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի որդուն՝ Արաթ Դինքին եւ նրա գործընկեր Սարգիս Սերոբյանին հոկտեմբերի 11-ին այդ հոդվածով մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտելու փաստին: «Երկու լրագրողներն արտատպել են սպանված Հրանտ Դինքի այն մեկնաբանությունները, որով նա հայերի 1915 թվականի զանգվածային սպանություններն անվանել էր «ցեղասպանություն»` սահմանում, որը Թուրքիայի իշխանությունները հերքում են», - նշել է նա:

«Այս գործն ապացուցում է, որ 301 հոդվածը կիրառվում է հասարակական հնչեղության խնդիրներ լուսաբանող լրագրողներին պատժելու համար: Հոդվածից չհրաժարվելը հետապնդումների եւ բռնությունների վտանգ է ստեղծում ընդդիմադիր հայացքներ ունեցողների համար», - նամակում ընդգծել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը:

«Ես ողջունել եմ թուրք իրավապահների արագ արձագանքը Հրանտ Դինքի սպանությանը: Նմանօրինակ հանցագործությունները կանխելու համար անհրաժեշտ է նաեւ չեղյալ հայտարարել 301 հոդվածը, որն այլախոհներին որակում է «թուրքականության թշնամիներ» եւ նրանց դարձնում մոլեռանդների եւ ծայրահեղականների ատելության թիրախ», - ասված է Միկլոշ Հարաշտիի նամակում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG