Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը բացահայտել է, որ Արդարադատության խորհրդի միջնորդությունը նախագահին` երկու դատավորների, որոնցից մեկը Պարգեւ Օհանյանն է, լիազորությունները դադարեցնելու մասին, դեռեւս պատրաստ չէ, «այսինքն` այն թղթի վրա վերջնականորեն չի ձեւակերպված»:

«Այս բացահայտումը սենսացիոն է, քանի որ Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ ստորագրել է Օհանյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանագիրը», - ընդգծում է թերթը:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, պնդելով, որ «այսօր մեր հասարակական կյանքը առողջացնելու միակ ճանապարհը երկխոսությունն է», հիմնավորել է. - «Եթե իշխանությունը կարծում է, որ կեղծելու է ընտրությունները եւ 5 տարի ուրախ կյանք է վայելելու, դա պատրանք է։ Արագորեն փոխվող ներքին ու մանավանդ արտաքին իրավիճակը դա պարզապես թույլ չի տա։ Եթե ընդդիմությունը հույսեր է փայփայում, թե ընտրություններից հետո ժողովրդին փողոց կհանի եւ հեղափոխություն կիրականացնի, դա էլ մոլորություն է։ Զանգվածային ընդվզում չի լինի, իսկ ոչ զանգվածայինը կկասեցվի մահակներով եւ ջրցան մեքենաներով»։

«Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը, անդրադառնալով հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվացումը ինչ տեղաշարժ է առաջացրել հասարակական կարծիքում, վկայակոչել է իր կողմից անցկացված հարցման արդյունքը. - «Թվում է, Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվացումն իսկապես որոշակի ալիք բարձրացրեց՝ քաղաքական դաշտը լարվեց, լրատվամիջոցներն իրար խառնված՝ սկսեցին քննարկել տեղի ունեցածը, բայց հասարակությունն, ըստ էության, անտարբեր մնաց այդ ամենի նկատմամբ»։ «Հարց է ծագում՝ ինչո՞ւ», - հարցրել է Պողոսյանն ու պատասխանել. - «Որովհետեւ մեր հասարակությունը խիստ շերտավորված է ոչ միայն սոցիալական, այլեւ քաղաքական ակտիվության տեսանկյունից։ Ունենք 5-7 տոկոս մեծահարուստների մի նեղ շերտ, եւ դրա կողքին՝ անապահովների, նույնիսկ չքավորների ստվար զանգված, որ լիովին անտարբեր է այս ամենի նկատմամբ»։

«Ժամանակ-Երեւան» թերթի մեկնաբանը, փոխանցելով Հանրապետական կուսակցության ներսում տիրող տրամադրությունները, առանձնացրել է. - «Հանրապետականների մի մասը տակավին դժգոհ է այն հանգամանքից, որ ՀՀԿ-ն դարձել է Սերժ Սարգսյանի կորպորատիվ շահերը սպասարկող օղակ ու շեղվել իր ծրագրերից ու գաղափարախոսությունից։ Իրենց գաղափարակիր համարող հանրաապետականները չեն ներել Սերժ Սարգսյանին այն բանի համար, որ իր հետ կուսակցություն բերեց ողջ օլիգարխիկ վերնախավը ու կուսակցությունը վերածեց սեփական PR-շչիկների ակումբի, ու ՀՀԿ-ի համար արեւի տակ տեղը չկորցնելու ուղիղ ճանապարհ է դարձել առավոտից իրիկուն հեռուստատեսությամբ կամ թերթերով Սերժ Սարգսյանին գովերգելը՝ երբեմն զավեշտի հասնելու աստիճան»։

1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հերթական տարելիցին ընդառաջ` «Չորրորդ իշխանություն» թերթը հասցեագրել է. - «Եթե այսօր ոմանք, այնտեղ՝ «վերեւներում» եւ ՀՀԿ-ում, պահանջ են դնում, օրինակ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առջեւ, բացատրություններ տալ անցյալի մասին, պետք է հիշեն, որ նման պահանջ հասարակությունն ու քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն նաեւ իրենց ու իրենց հավանական թեկնածու Սերժ Սարգսյանին՝ որտե՞ղ էր ու ո՞ր թախտին էր քնած նա «27»-ից առաջ, երբ նախապատրաստվում էր ահաբեկչությունը, որտե՞ղ էր ՀՀ Ազգային անվտանգության նախարարը «27»-ի օրը, ու պատահակա՞ն էր արդյոք այն, որ հենց այդ օրը նա մեկնել էր Ղարաբաղի հայկական դիրքերը»։ «Սրանք հարցեր են, որ պատասխաններ են ակնկալում հենց Սերժ Սարգսյանից, ով այսօր ոչ թե մի նախարարություն, այլ երկիր ղեկավարելու հավակնություն ունի», - եզրակացրել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG