Մատչելիության հղումներ

Երեւանը, ըստ օրինագծի, ստանալու է համայնքի կարգավիճակ


Կառավարությունը երեկվա նիստում քննարկեց «Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծը, սակայն, չհաստատվեց: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի խոսքերով, որոշում կայացվեց եւս 6 օր «ուսումնասիրել բոլոր առաջարկությունները Ազգային ժողով ուղարկելուց առաջ»:

Ըստ բարեփոխված Սահմանադրության, մայրաքաղաք Երեւանը ստանում է համայնքի կարգավիճակ`մինչ այդ ունեցած մարզի կարգավիճակի փոխարեն: Սահմանադրության մեջ, սակայն չամրագրվեց, թե Երեւանի քաղաքապետը ընտրվելու է ուղղակի՞, թե՞ անուղղակի ընտրություններով: Կառավարությունը նախընտրեց անուղղակի ընտրության տարբերակը. այսինքն` ավագանու միջոցով:

Մայրաքաղաքի` լայն լիազորություններով օժտվելիք ավագանին ունենալու է 55 անդամ, որոնք ընտրվելու են համամասնական ընտրակարգով: Եթե որեւէ կուսակցություն այդ ընտրություններում հավաքի 40 տոկոսից ավելի ձայներ, այդ կուսակցության ցուցակում առաջին տեղը զբաղեցնող անձը մեխանիկորեն դառնալու է քաղաքապետ:

«Եթե չի հավաքում որեւէ մեկը 40 տոկոսը, ապա ընտրությունները շարունակվում են ընդհանուր հիմունքներով: Այսինքն` ներկայացվում են նոր թեկնածուներ եւ կատարվում են ընտրություններ», - պարզաբանեց Գեւորգ Դանիելյանը:

Նա հավելեց, որ քաղաքական ուժերի ցուցակներում առաջին տեղում կարող են լինել նաեւ տվյալ կուսակցությանը չանդամագրված անձինք. - «Կարող է հարել, բայց կուսակցության անդամ կարող է եւ չլինել»:

Դանիելյանը ասաց նաեւ, որ թաղային համայնքները կվերանան. դրանց փոխարեն կլինեն «վարչական շրջաններ», որոնց ղեկավարներին կնշանակի քաղաքապետը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG