Մատչելիության հղումներ

Իրաքի հյուսիսում ցույցեր են անցկացվում ընդդեմ Թուրքիայի խորհրդարանի որոշման


Իրաքի հյուսիսային շրջանի կենտրոն Էրբիլ քաղաքում մի քանի հազար մարդ այսօր բողոքի ցույց է անցկացնում ընդդեմ Թուրքիայի խորհրդարանի երեկվա որոշման, որով հավանություն է տրվում քրդաբնակ այդ շրջանում ռազմական գործողությունների անցկացմանը:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, քրդերեն, արաբերեն, անգլերեն գրություններով պաստառներով փողոց դուրս եկած մարդիկ ծածանում են կարմիր, սպիտակ, կանաչ գույներով քրդական դրոշները:

Ցուցարարներից մեկը «Ֆրանսպրես»-ին ասել է, թե սահմանային բռնությունը բռնություն կլինի Քրդստանի բոլոր մարդկանց հանդեպ:

«Ոչ` Թուրքիայի սպառնալիքներին, այո` խաղաղությանը», - վանկարկում են ցուցարարները:

Նրանք հավաքվել են Էրբիլում ՄԱԿ-ի գրասենյակի շենքի մոտ եւ կոչ են անում օգնել` կանխելու Թուրքիայի ներխուժումը:

«Մենք պահանջում ենք, որպեսզի Իրաքի կառավարությունը եւ միջազգային հանրությունը միասին կանգնեն Թուրքիայի սպառնալիքների դեմ», - ասել է մեկ այլ ցուցարար:

21-ամյա մի ուսանող, որը քրդական դրոշ էր ծածանում, «Ֆրանսպրես»-ին ասել է, թե «Քրդական աշխատավորական կուսակցության խնդիրը լուծելու ամենալավ ճանապարհը թուրք եւ քուրդ ղեկավարների երկխոսությունն է»:

Քրդական աշխատավորական կուսակցությունը Թուրքիայի դեմ զինված պայքար է մղում 1984 թվականից: Հաղորդագրություններում նշվում է, որ այս ընթացքում զինված ընդհարումներում 37 հազար մարդ է զոհվել:

Թուրքիայի խորհրդարանի կողմից որոշումն ընդունելուց հետո Պենտագոնի մամուլի խոսնակ Ջեֆ Մորելն ասել է, թե անհրաժեշտություն չկա, որ Թուրքիան մտնի Իրաք:

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` Մորելը հայտարարել է. - «Թուրքիան իրոք վրդովված է, զայրացած, բայց ես չեմ կարծում, թե անհրաժեշտություն կա կատարել հաջորդ քայլը: Դա ահռելի հետեւանքներ կունենա ոչ թե մեր, այլ Թուրքիայի համար»:

Նրա կարծիքով, պետք է փորձել խնդիրը լուծել պաշտոնական Անկարայի, Բաղդադի եւ քուրդ պաշտոնյաների բանակցությունների միջոցով:

«Փորձենք օգտագործել քրդական շրջանի իշխանությունների հնարավորությունները, որոնք, կարծում ենք, կարող են ազդեցություն ունենալ Քրդական աշխատավորական կուսակցության վրա եւ օգտակար լինել` համոզելու համար վերջ տալ Թուրքիայի դեմ կատարվող հարձակումներին», - ասել է Պենտագոնի խոսնակը:

Այսօր Իրաքի հյուսիսում քրդական շրջանի իշխանությունները Թուրքիային կոչ են արել ուղիղ բանակցություններ սկսել:

Տարածված հայտարարությունում նշվում է, որ ռազմական նոր հակամարտությունը անկանխատեսելի հետեւանքներ կունենա Իրաքի, Թուրքիայի եւ ամբողջ Մերձավոր Արեւելքի համար:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG