Մատչելիության հղումներ

Ռուբեն Վարդանյանի «Տրոյկա դիալոգ»-ին թույլ չտրվեց ներդրում անել Թուրքիայում


Թուրքիայի մրցակցության խորհուրդը երեկ վերանայել է երկրի նավթաքիմիական խոշորագույն հոլդինգի` Petkim-ի բաժնետոմսերի 51 տոկոսը գնելու համար դեռ ամռանը անցկացված մրցույթի արդյունքները, որում հաղթող էր ճանաչվել ռուսաստանյան «Տրոյկա դիալոգ» ընկերության եւ դրա ղազախստանյան գործընկերների կողմից ստեղծված Asia Petrochemical Holding կոնսորցիումը:

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ, խորհուրդը չի քննարկել Asia Petrochemical Holding-ի հայտը, որով Petkim-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի համար առաջարկվում էր ավելի քան 2 միլիարդ դոլար:

Թուրքիայի սեփականաշնորհման հարցերով վարչությունը մրցակցության խորհրդին է ուղարկել մեկ այլ հավակնորդի` Ադրբեջանի պետական նավթային ընկերության, թուրքական Turcas-ի եւ սաուդյան Injaz OGG-ի ստեղծած կոնսորցիումի ներկայացրած հայտը, որում առաջարկվում էր վերոհիշյալից 10 միլիոն դոլարով պակաս գումար:

Թեեւ պաշտոնյաները հրաժարվել են պարզաբանել մրցույթի արդյունքների վերանայման պատճառները, «Կոմերսանտ»-ը, ինչպես եւ թուրքական մամուլը համոզմունք են հայտնում, որ խնդիրը «Տրոյկա դիալոգ» ընկերության ղեկավար եւ հիմնական սեփականատեր Ռուբեն Վարդանյանի հայկական ծագումն է:

Թուրքական թերթերն ընդգծում են, որ հայ ներդրողին երկրի առաջատար ձեռնարկություններից մեկի վաճառքի իրավացիությունը կասկածներ էր հարուցել մրցույթից անմիջապես հետո, եւ ենթադրում են, որ Ռուբեն Վարդանյանը հայկական լոբբիի ազդեցիկ դեմքերից է եւ ֆինանսավորում է այն:

Թուրքական լրատվամիջոցները համամիտ են այն հարցում, որ Վարդանյանի ազգության հետ կապված հարցը իրական սրություն է ստացել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւին հավանություն տալուց հետո, եւ խոստովանում են, որ «Տրոյկա դիալոգ»-ի հայտի մերժումը քաղաքական որոշում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG