Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը «Մոտենում ենք ծանրաձողին» վերնագրի ներքո գրում է. - «2008 թվականի ընտրություններից առաջ դարձյալ փորձում են փակել լրատվամիջոցների բերանը: Այդպես եղել է ե’ւ նախորդ ընտրություններից առաջ, ե’ւ դրանց ընթացքում, այդպես է նաեւ այսօր: Եվ հնչեցված այն ահազանգը, թե հանրապետության նախագահի նստավայրում որոշվել է արդեն իսկ վերահսկվող հեռուստաընկերությունների եթերներում ընտրություններից առաջ առավել խստիվ արգելել «անցանկալի» քաղաքական գործիչների մուտքը, նաեւ կասեցնել գործող ամենատարբեր տրամաչափի ու ձեւաչափի մամուլի ակումբների գործունեությունը` այլեւս փաստ է»: Ավելին, թերթի տեղեկություններով, ուժեղ ճնշումների են ենթարկվում նաեւ մարզային հեռուստաընկերությունները: «Այնտեղ», - գրում է «Առավոտ»-ը, - «ամենատարբեր մակարդակներով` մարզպետ, քաղաքապետ, Անվտանգության ծառայության մանր-մունր կամ խոշոր սպաներ, ՀՀ նախագահական նստավայրի չինովնիկներ, սպառնում են հեռուստաընկերությունների ղեկավարներին` «իրավիճակը չապակայունացնելու» համար եթեր չտրամադրել ընդդիմադիր գործիչներին»:

Անդրադառնալով վարչապետ Սերժ Սարգսյանի` այսօր սկսված արտասահմանյան ուղեւորության ծրագրին` «Հայկական ժամանակ»-ի խմբագրականը փաստել է, թե հոկտեմբերի 23-ին Սարգսյանը Վաշինգտոնից մեկնելու է Փարիզ։ «Թե ինչ է անելու նա Փարիզում, առայժմ հայտնի չէ։ Չի նշվում որեւէ պաշտոնական այցի եւ հանդիպման մասին, որը նրան բնականորեն պետք է պահեր Ֆրանսիայում», - շեշտել է թերթն ու բխեցրել. - «Ուրեմն, գործող վարչապետը առայժմ անհայտ պատճառներով բաց է թողնելու Երեւանում սպասվող երկու կարեւորագույն իրադարձություն։ Դրանցից առաջինը հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքն է։ Երկրորդը հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հերթական տարելիցն է։ Այս տարի, փաստորեն, Սերժ Սարգսյանը Եռաբլուր եւ Պանթեոն չի այցելի... Այսպիսով, ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկացել հոկտեմբերի 26-ին եւ 27-ին գտնվել Երեւանում, ինչը, ինքնին, բավական խոսուն փաստ է»։

Նախագահական ընտրություններին ընդառաջ ակտիվացող քաղաքական գործիչների վարկանիշների թեման արծարծելով` «Հայոց Աշխարհ» թերթի վերլուծաբանը գնահատել է. - «Հասարակական տրամադրություններից փորձանմուշ վերցնող մարդկանց անաչառությանը մեզանում քչերն են հավատում։ Տարածված կարծիք է. անկախ սոցիոլոգիական կենտրոններ մեզանում գոյություն չունեն։ Ընթանում է «վարկանիշերի պատերազմ»։ Ամեն տեսակի սոցիոլոգիական ցուցանիշերի նկատմամբ հետաքրքրության մակարդակը մեզանում առաջվա պես շատ ավելի մեծ է, քան ցանկությունն ու կարողությունը՝ գլուխ հանելու, թե ինչպես են հայթայթվում եւ ինչ են արտացոլում ստացված տվյալները: Նախընտրական շրջանում վարկանիշերի վրա համատարած սեւեռվածությունը բխում է ոչ միայն եւ ոչ այնքան առաջնորդների սնապարծությունից, միմյանց հաջողությունների նկատմամբ նրանց խանդոտ հետաքրքրությունից։ Խնդիրը նաեւ այն է, որ վարկանիշամոլությունը երբեմն փոխարինում է իրական քաղաքականությանը»։

Իր հերթին, վարկանիշերի թեման որակելով որպես «Քծնանքի սոցիոլոգիա»` «Հայք» թերթի մեկնաբանը նկատել է. - «Գոյություն ունի սուտ, ահավոր սուտ եւ վիճակագրություն։ Հայաստանում սոցիոլոգիական հարցումներն արդեն վաղուց մղվել են ֆանտաստիկայի ոլորտ, իսկ ահա հարցումների հեղինակները իրենց ինտելեկտով այնքան էլ չեն տարբերվում նեանդերթալյան մարդուց։ Սոցհարցումներ իրականացնողները սկսել են իրար հետ մրցել, թե ով ավելի մեծ թվեր կնկարի իշխանությունների հավանությանն արժանանալու համար»։

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «168 ժամ» թերթի հարցազրույցում անդրադառնալով նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվացման շարժառիթներին, փաստարկել է. - «Քանի որ սուրբ տեղը դատարկ չի մնում, եւ քանի որ այսօր բացարձակապես բոլոր ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները վարկաբեկվել են, վստահություն չեն ներշնչում, դրա համար հրապարակ դուրս եկավ Տեր-Պետրոսյանը։ Մինչ այս պահը ոչ մի ընդիմադիր ուժ չէր խոսում... Թե՞ թվերի տակ էին, թե՞ տանն էին թաքնվել՝ պարզ չէ»։ «Հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն ակտիվացավ, նրանք էլ թվերի տակից դուրս եկան ու ակտիվացան», - պնդել է քաղաքագետն ու եզրակացրել. - «Ե՛վ 1998-ին, ե’ւ այսօր ընդդիմությունը պարտված է, ընդդիմադիր տրամադրություններով տոգորված ընտրազանգվածը հիասթափված է բոլոր կուսակցապետերից եւ ինչ-որ նոր մարդու է սպասում։ Իսկ նոր մարդը միշտ լավ մոռացված հին մարդն է»։

«Ժամանակ-Երեւան»-ի տեղեկություններով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «շատ շարքային անդամներ գժգոհ են կուսակցության ղեկավարության` Սերժ Սարգսյանին պաշտպանելու որոշումից». - «Նրանք ասում են, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց թիվ մեկ մրցակիցը եղել է հենց Հանրապետական կուսակցությունը, եւ հենց այդ կուսակցության իրականացրած ընտրակեղծիքների պատճառով է, որ 370 հազար անդամ ունեցող ԲՀԿ-ն ստացավ 200 հազար ձայն: Շարքային ԲՀԿ-ականները չեն հասկանում, թե ինչ տրամաբանությամբ պետք է իրենք պաշտպանեն իրենց երեկվա մրցակիցներին: Ճիշտ է, մի քանի ԲՀԿ-ականներ պաշտոններ են ստացել, սակայն շարքային կուսակցականներին դրանից ի՞նչ: Ի դեպ, ըստ որոշ լուրերի, ինքը` Գագիկ Ծառուկյանը եւս խանդավառված չէ Սերժ Սարգսյանին պաշտպանելու մտքից եւ իր կուսակցության առավել սերժապաշտ մասսային ակնարկել է, որ շատ ջանքեր չթափեն»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG