Մատչելիության հղումներ

Օսկանյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 17-ին Փարիզում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի եւ Յուրի Մերզլյակովի հետ:

«Հանդիպմանը քննարկվեցին հոկտեմբերի 24-27-ը համանախագահների տարածաշրջան կատարելիք այցին առնչվող հարցեր, ինչպես նաեւ որոշ բովանդակային խնդիրներ, որոնք հնարավոր է բարձրացվեն համանախագահների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:

Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը, ինչպես APA գործակալությանը տեղեկացրել են ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի գրասենյակից, տեղի կունենա հոկտեմբերի 22-ին Փարիզում:

Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Ֆրանսիայի մայրաքաղաք կմեկնի կիրակի երեկոյան:

Երկուշաբթի օրը համանախագահները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը եւ դրա հետ կապված առաջարկները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG