Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Իրաքում մարտական գործողությունների համար կառավարության դիմումը


Այսօր Թուրքիայի խորհրդարանը կսկսի քննարկել կառավարության դիմումը` հավանություն տալու Իրաքի հյուսիսում քուրդ անջատողականների դեմ մարտական գործողություններ վարելու համար:

Իրաքի սահմանին թուրքական բանակի մեծ ուժեր են կենտրոնացված, այդ թվում` ծանր զրահատեխիկա:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ասել է, որ խորհրդարանի դրական որոշումը չի նշանակի, թե անմիջապես սկսվելու են մարտական գործողությունները:

Միաժամանակ, հաղորդագրություններում նշվում է, որ դրական որոշումը ՆԱՏՕ-ի` մեծությամբ երկրորդ բանակին ազատություն կտա` ցանկացած պահի Իրաքի հյուսիսային շրջաններում քուրդ գրոհայինների դեմ մարտական գործողություններ սկսելու համար:

Միացյալ Նահանգները եւ Իրաքը դեմ են Թուրքիայի այդ ծրագրին: Նրանք Անկարային կոչ են արել չդիմել մարտական գործողությունների, որոնք է’լ ավելի կապակայունացնեն տարածաշրջանը:

Անկարայում բանակցություններ է վարել Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմին: CNN-Turk հեռուստակայանը այսօր մեջբերել է նրա խոսքերը. - «Կարծում եմ, բանակցություններում ստացա այն, ինչ ցանկանում էի: Հիմա նոր մթնոլորտ է, եւ մենք պետք է օգտագործենք դա: Իրաքին պետք է շանս տրվի` կանխելու համար ահաբեկչական գործողությունները սահմանին»:

Բանակցություններում նա փոխանցել էր Իրաքի իշխանությունների պատրաստակամությունը եւ վճռականությունը` կասեցնելու քուրդ գրոհայինների հարձակումները Թուրքիայի սահմանամերձ շրջաններում: Նա նշել էր, որ ժամանակ է պետք քուրդ գրոհայինների բազաները չեզոքացնելու համար:

«Եթե Իրաքի կառավարությունը չկատարի իր պարտականությունը, Թուրքիան իրավունք կունենա ապահովել իր ազգային անվտանգությունը եւ անել հնարավորը` պաշտպանելու իր ազգային շահերը: Սակայն, ամեն դեպքում, բոլոր գործողությունները պետք է համաձայնեցված լինեն Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ», - ասել է ալ-Հաշեմին:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Թոմ Քեյսին երեկվա ճեպազրույցում հայտարարել է, որ «միակողմանի մարտական գործողությունները չեն կարող վերացնել սպառնալիքները, որը ստեղծում է Քրդական աշխատավորական կուսակցությունը»:

«Մենք Թուրքիային խորհուրդ ենք տալիս զսպվածություն ցուցաբերել. չէ՞ որ մինչեւ հիմա դա նրան հաջողվում էր: Եվ մենք, իհարկե, խորհուրդ ենք տալիս այդ թեմայի շուրջ շարունակել երկխոսությունը Իրաքի եւ Միացյալ Նահանգների հետ», - ասել է Քեյսին:

Իրաքի հյուսիսային շրջանի քրդական տեղական իշխանությունը այսօր Թուրքիայի խորհրդարանականներին զգուշացրել է, որ ներխուժման մասին խորհրդարանի որոշումը անօրինական կլինի:

«Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների խնդիրը Թուրքիայի ներքին խնդիրն է», - «Ֆրանսպրես» գործակալությանն ասել է տեղական իշխանության մամուլի խոսնակ Աբդուլա Ջամալը. - «Եթե Թուրքիայի խորհրդարանը բանակին թույլտվության տա այլ երկրի տարածք մտնել, ապա մենք դա կգնահատենք որպես անօրինական եւ միջազգային օրենքի ու Միավորված ազգերի կազմակերպության նորմերի ոտնահարում»:

Նա ասել է, թե քրդական կառավարությունը, այսինքն` այդ շրջանի տեղական իշխանությունը, աջակցում է ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով հարթելու Բաղդադի ջանքերին, սակայն հավելել է, թե Թուրքիայի հետ ձեռք բերված որեւէ համաձայնություն պետք է հաստատվի շրջանի իշխանությունների կողմից:

«Եթե համաձայնագիրը առնչվելու է քրդական շրջանի քաղաքական, տնտեսական, սոցիալական շահերին, ապա կարիք կա, որ այն հաստատվի Քուրդիստանի խորհրդարանի կողմից», - ասել է Աբդուլա Ջամալը:

Երեկ երեկոյան Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը:

Այսօր ՆԱՏՕ-ի խոսնակ Ջեյմս Ափաթուրայը հայտնել է, որ դաշինքի գլխավոր քարտուղարը իր ձայնն է միացրել միջազգային հանրության կոչերին` չեզոքացնելու համար Իրաքի սահմանին ստեղծված ճգնաժամը: Նա ասել է, որ այժմ բոլոր կողմերը պետք է մեծ ջանքեր գործադրեն` կանխելու լարվածության սրացումը:

Յաապ դե Հոոպ Սխեֆերը ցավակացություն է հայտնել քուրդ գրոհայինների հարձակումների հետեւանքով զոհվածների համար:

Ափաթուրայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն համաձայն է Թուրքիայի կարծիքին, թե Քրդական աշխատավորական կուսակցությունը ահաբեկչական կազմակերպություն է:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG