Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին աջակցողների թիվը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում նվազել է:

Ինչպես տեղեկացնում է DPA լրատվական գործակալությունը` վկայակոչելով «Նյու Յորք Թայմս» թերթի հրապարակումը, վերջին մեկ օրվա ընթացքում շուրջ մեկ տասնյակ կոնգրեսականներ` ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ, հետ են վերցրել օրինագիծը պաշտպանող իրենց ստորագրությունները: Նրանք մտավախություն ունեն, թե բանաձեւի ընդունումը կխաթարի ԱՄՆ-ի հարաբերությունները ՆԱՏՕ֊-ում իր դաշնակից Թուրքիայի հետ:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, սակայն, բանաձեւը պաշտպանելու նախնական մտադրությունից հրաժարված կոնգրեսականների թիվը մոտ կես տասնյակ է:

Այդուհանդերձ, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հաստատակամություն է հայտնել՝ շարունակելու իր աջակցությունը բանաձեւին:

Խոսնակի գրասենյակից «Ռոյթերզ» գործակալությանը փոխանցել են, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը երեկ զանգահարել է Փելոսիին՝ հորդորելով Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում չընդգրկել նախագիծը:

«Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, բանաձեւը քվեարկության չդնելու կոչով երեկ խոսնակին են դիմել նաեւ երկու դեմոկրատ կոնգրեսականներ` Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կոնգրեսական հանձնաժողովի նախագահ Էլսի Հասթինգսը եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ամերիկյան պատվիրակության նախագահ Ջոն Թաները: Իրենց նամակում նրանք պնդում են, թե նման օրինագծի ընդունումը «լուրջ հետեւանքներ կունենա ՆԱՏՕ-ում ուժեղ դաշնակցի` արդի Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների կարեւոր հարաբերությունների վրա»:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի երեկոյան իր հեռուստաելույթում բանաձեւը բնորոշել է որպես «անհապաղ ի կատար ածվող դատավճիռ»` հայտարարելով. - «Ոչ ոք այսպես չի կարող դատել Թուրքիային: Նրանք, ովքեր տենչում են հակադրվել Թուրքիայի պես կարեւոր երկրին, գին են վճարելու»:

Անցած շաբաթ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի նախագծին հավանություն է տվել Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը, եւ պալատի լիագումար նիստի օրակարգում օրինագծի ընդգրկումը կախված է խոսնակ Փելոսիից:

Անցած շաբաթվա դրությամբ, բանաձեւին աջակցում էին Ներկայացուցիչների պալատի 435 անդամներից 225-ը` պալատի մեծամասնությունը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG