Մատչելիության հղումներ

Մամուլի ազատության առումով Հայաստանում որոշ առաջընթաց է արձանագրվել


«Lրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Փարիզում, հրապարակել է 2007 թվականին աշխարհում մամուլի ազատության ցուցիչների զեկույցը: Փաստաթուղթը Հայաստանում նախորդ տարվա համեմատ որոշ առաջընթաց է արձանագրել:

«Ավելի շուտ, ստատուս քվոն տարածաշրջանում պահպանվել է, որոշ չափով բարելավում կա Հայաստանում եւ Վրաստանում», - ասել է կազմակերպության եվրոպական եւ ԱՊՀ-ի երկրների գծով պատասխանատու Էլզա Վիդալը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ԱՊՀ-ի երկրների մասով ի՞նչ հիմնական տարբերություններ կան 2006 եւ 2007 թվականների զեկույցների միջեւ: - «Հայաստանում եւ Վրաստանում տեսնում ենք որոշ բարելավում, հատկապես` տեղեկատվությունը հանրությանը հասանելի դարձնելու հարցում»:

Այս զեկույցում 169 երկրների շարքում Հայաստանը 77-րդն է, Վրաստանը` 66-րդը:

Իսկ Ադրբեջանի վերաբերյալ, որը աղյուսակում 139-րդն է, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է. - «Ադրբեջանի իշխանությունները խուլ են մեր բողոքների հանդեպ եւ որոշել են դադարեցնել մեզ հետ երկխոսությունը: Նրանք չեն ցանկանում համագործակցել մեզ հետ: Նրանք կարծում են, որ եթե չպատասխանեն մեր բողոքներին, մենք այլեւս հարցեր չենք տա, բայց մենք շարունակում ենք բացատրություններ պահանջել 7 լրագրողների մասին, որոնք մինչեւ հիմա գտնվում են մեկուսարանում»:

«Նրանցից մի քանիսի նկատմամբ շինծու մեղադրանքներ են առաջադրվել հենց այն ժամանակ, երբ իշխանությունների համար անցանկալի հոդվածներ են հրապարակել», - ընդգծել է Էլզա Վիդալը` հավելելով. - «Դա է բացատրությունը, թե մամուլի ազատությունների առումով ինչո՞ւ է Ադրբեջանը Կովկասում համարվում ամենավատ ցուցիչով երկիրը»:

Զեկույցում նշված է, որ Թուրքիան տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ այս ընթացքում լրագրող է սպանվել. ծայրահեղ ազգայնականների կողմից սպանվել է հայ փոքրամասնության «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը:

Թուրքիայում հետընթաց է արձանագրվել` աղյուսակում այդ երկիրը 101-րդն է:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի, մամուլի ազատությունների առումով աշխարհում ամենաազատ երկրներն են Իսլանդիան, Նորվեգիան, Էստոնիան:

Աղյուսակը եզրափակում են Չինաստանը, Բիրման, Կուբան, Իրանը, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG