Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներ է մեկնում վարչապետ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը


Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկշաբաթյա այցով կմեկնի Միացյալ Նահանգներ:

Կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Մերի Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ վարչապետը մասնակցելու է Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին ու Հայ - ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի եւ տնտեսական զարգացման, գյուղատնտեսության նախարարները, նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը, Կենտրոնական բանկի նախագահը, արտգործնախարարի տեղակալը:

Վաղը Հայաստանի կառավարության ղեկավարը Պենտագոնում հանդիպում կունենա ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսի հետ: Նույն օրը Սպիտակ տանը կկայանա Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ-ի փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի հետ: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կենտրոնակայանում տեղի կունենա հանդիպում կորպորացիայի ղեկավար Ջոն Դանիլովիչի հետ:

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ի երեկոյան Վաշինգտոնից կմեկնի Լոս Անջելես, որտեղ հոկտեմբերի 19-ին նախատեսվում է Սերժ Սարգսյանի հանդիպումը «Լոս Անջելես Թայմս»-ի խմբագրական խորհրդի հետ: Նույն օրը կկայանա վարչապետի հանդիպումը «Լինսի» հիմնադրամի ղեկավարների հետ:

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-ին կմեկնի Վաշինգտոն, որտեղ հաջորդ օրը Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Ստրաուս-Քանի հետ:

Հայաստանի կառավարական պատվիրակության անդամները հոկտեմբերի 22-ին Միացյալ Նահանգների մայրաքաղաքում կմասնակցեն Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովին: Այնուհետեւ վարչապետ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ի Սենատում կհանդիպի Սենատի մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդի հետ:

Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում Հայաստանի վարչապետը առանձնազրույց կունենա ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ռուբեն Ջեֆերիի հետ: Հայաստանի կառավարության ղեկավարը նույն օրը կմասնակցի եւ բացման խոսքով հանդես կգա Հայ - ամերիկյան աշխատանքային խմբի նիստում:

Հոկտեմբերի 23-ին Պետդեպարտամենտում նախատեսվում է նաեւ Հայաստանի վարչապետի հանդիպումը պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ:

Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում կհանդիպի ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարության հետ եւս:

Հոկտեմբերի 23-ին վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Փարիզ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG