Մատչելիության հղումներ

logo-print

Լյուքսեմբուրգում կայացել է Եվրամիություն - Հայաստան համագործակցության խորհրդի նիստը


Այսօր Լյուքսեմբուրգում կայացել է Եվրամիություն - Հայաստան համագործակցության խորհրդի հերթական` ութերորդ նիստը: Հայաստանյան միջգերատեսչական պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իսկ եվրոպական կողմից նիստը նախագահել է Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Մանուիլ Լոբո Անտունիշը:

Նիստի ընթացքում քննարկվել են Եվրամիության Նոր հարեւանության քաղաքականության Հայաստան - Եվրամիություն գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ համագործակցության հարցեր:

Քաղաքական հարցերից հատուկ ուշադրություն է դարձվել հակամարտությունների կարգավորմանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, նախագահական ընտրություններին եւ մարդու իրավունքների հարցերին:

Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանը վճռական է շարունակելու ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումները` առավել մոտեցնելու քաղաքական չափանիշները եվրոպական մակարդակին: Նրա խոսքերով, Հայաստան - Եվրամիություն գործողությունների ծրագիրը ուղեցույց է Հայաստանի տնտեսական բարեփոխումների համար:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Մանուիլ Լոբո Անտունիշը, նշելով, որ ժողովրդավարության զարգացման առումով Հայաստանը աստիճանաբար եւ հետեւողականորեն մոտենում է Եվրոպային, վերահաստատել է Եվրամիության պատրաստակամությունը` շարունակելու համակողմանի աջակցությունը Հայաստանին: Նա ընդգծել է, որ Եվրամիությունը ակնկալում է ավելի համարձակ քայլեր` մասնավորապես մատնանշելով լրատվամիջոցների դերը նախընտրական շրջանում:

Նիստին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիս` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների եւ Եվրամիության նախագահության մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG