Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«168 Ժամ»-ը տեղեկացնում է, որ միասնական թեկնածուի հարցում «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանի ու «Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի տեսակետները հակադրվում են: Ըստ թերթի, քաղաքական գործիչների կողմից վերջերս կիսագաղտնի պայմաններում ձեւավորված «երրորդ ճակատը»` դեռ որոշակի գործունեություն չծավալած, կարող է պառակտվել: «Համենայնդեպս, արդեն այսօր Մանուկ Գասպարյանն ու Պարույր Հայրիկյանը ընդդիմության հնարավոր թեկնածուին, մասնավորապես` Լեւոն Տեր-Պետրոսյանին, սատարելու հարցում հակադիր տեսակետներ ունեն: Եթե Գասպարյանը միանգամայն հնարավոր է համարում Տեր-Պետրոսյանին պաշտպանելու հեռանկարը, ապա Հայրիկյանը դա միանշանակ բացառում է», - գրում է «168 ժամ»-ը:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, «Անցյալի եւ ապագայի արանքում» խորագրի ներքո անդրադառնալով նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջերս Լեռնային Ղարաբաղ կատարած այցին, գրում է. - «Կորսված անցյալի եւ մշուշոտ ապագայի արանքում կա ներկան, եւ կարծում եմ, Տեր-Պետրոսյանի այցը Ղարաբաղ կարելի է մեկնաբանել հենց այս ներկայի կտրվածքով: Հավանաբար, այդ այցելությամբ առաջին նախագահը ցանկանում էր ցույց տալ երկու բան. առաջին, նա հաշվի է առնում այսօրվա իրողությունները եւ չի պատրաստվում համառորեն կառչել 97-ի հնացած սխեմաներից, երկրորդ, նա գնահատում է Ղարաբաղը որպես ինքնուրույն գործոն, ինչը, օբյեկտիվ պատճառներով, բացակայում էր վերջին 10 տարում, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հանդես էր գալիս միաժամանակ Հայաստանի եւ Ղարաբաղի անունից»: «Եթե այդպես է, ուրեմն ինչ-որ տեղաշարժ այս հարցում, այնուամենայնիվ, տեղի է ունեցել», - եզրակացնում է խմբագիրը:

«Տարեգիր» թերթի խմբագրականը նախագահական ընտրություններին ընդառաջ շեշտադրել է. - «Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս անձամբ չի հայտարարել Հայաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու մասին, բայց իր նախնական հանդիպումները ոչ միայն մասնակցության ռեալ հիմք են տալիս, այլեւ պարտադրում են առաջին նախագահին, որպեսզի վերջինս վերջնական հայտ ներկայացնելով՝ ի մի բերի ընդդիմության կենսունակ բեկորները... Ընդդիմադիր շատ գործիչներ անցյալ տասը տարիներին չունեցան իրենց քայլերը հաշվարկելու հմտություն, չեղան նախաձեռնող ու հեռատես, չկարողացան սթափ գնահատել իրենց եւ իշխանության հնարավորությունները»: «Նրանք ոչ թե եղանակ էին ստեղծում քաղաքական դաշտում, այլ ենթարկվում էին հաճախ անկանխատեսելի եղանակի քմայքներին», - որակել-եզրափակել է խմբագրականը։

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ առաջիկա հանրահավաքի թեմային` «Ժամանակ-Երեւան» թերթի խմբագրականը կանխատեսել է. - «Այս հանրահավաքը վճռորոշ է լինելու այն առումով, որ հանրահավաքի մասնակիցների թվից ու ակտիվությունից հնարավոր կլինի որոշ եզրակացություններ անել, թե ինչպես է ընկալվում Լեւոն Տեր-Պետրոսյան թեկնածուն, եւ 2008-ի նախագահական ընտրություններում նա հաղթելու ինչ շանսեր ունի»։

Հայաստանի արժութային շուկայում ստեղծված վիճակին անդրադառնալով` «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը շեշտադրել է. - «Դոլարի ավելի քան երեք տարի շարունակվող արժեզրկումն էապես փոխեց վերաբերմունքը ազգային արժույթի նկատմամբ։ Այս ամենով հանդերձ, դոլարը դեռեւս լուրջ կշիռ ունի Հայաստանի ֆինանսական շուկայում եւ տնտեսության մեջ, ինչը մշտապես լարվածություն է ստեղծում հատկապես արժութային շուկայում։ Մինչ փորձեր են արվում այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, բոլորովին այլ կարող էր լինել իրավիճակը, եթե Հայաստան փոխանցվող մասնավոր տրանսֆերտները ստանային արտադրական նշանակություն։ Այնինչ դրանք հիմնականում շրջանցում են տնտեսության այդ հատվածը»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG