Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Վրաստանը կձգտեն ստեղծել միասնական ներդրումային դաշտ


Հայաստանն ու Վրաստանը, ինչպես այսօր կայացած հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի հուշագրի ստորագրման արարողությունից հետո լրագրողներին ասացին Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Սերժ Սարգսյանը եւ Զուրաբ Նողաիդելին, կձգտեն ներդրողներին ներկայանալ որպես միասնական դաշտ:

«Մենք արդեն սկսում ենք աշխատել այն ուղղությամբ, որ Հայաստանն ու Վրաստանը ներդրողներին, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են աշխատել մեզ համար, ներկայանան որպես մեկ ընդհանուր ներդրումային դաշտ», - ասաց Նողաիդելին:

Հայաստանի վարչապետը բարձր գնահատեց հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

«Ես կիսում եմ պարոն Նողաիդելիի կարծիքը այն մասին, որ հիմա արդեն բոլորովին այլ խնդիրներ ենք քննարկում», - ասաց Սերժ Սարգսյանը: - «Եթե մի քանի տարի առաջ մենք քննարկում էինք, թե ինչպես պիտի անենք, որ մեր բեռները Վրաստանի տարածքով նորմալ գան, էլեկտրաէներգիա եւ այլ խնդիրներ, հիմա շատ ավելի բարձր որակի, մեր ժողովուրդների համար ավելի կարեւորություն ներկայացնող հարցեր ենք քննարկում: Այդ հարցերից մեկն էլ հենց այդ ընդհանուր դաշտի, ընդհանուր շուկայի ձեւավորման խնդիրն է»:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Զուրաբ Նողաիդելին գոհունակությամբ է խոսել էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում հաստատված համագործակցության մասին: Նա հայտնել է որ այժմ Վրաստանում աշխատանքներ են իրականացնում մյուս տարվանից ավտոմոբիլային ճանապարհները, այդ թվում` Նինոծմինդա - Ախալքալակից մինչեւ Բաթումի, բարեկարգելու ուղղությամբ, ինչը, ըստ նրա, մոտ 200 կիլոմետրով կկարճացնի նշված ճանապարհահատվածը եւ զգալիորեն կնպաստի նաեւ զբոսաշրջության աշխուժացմանը:

Վրաստանի վարչապետը խոսել է երկաթուղային ճանապարհով փոխադրումների թողունակության մեծացման կարեւորության մասին: Նողաիդելին հեռանկարային է համարել քիմիայի, վերամշակող արտադրության բնագավառներում գործակցությունը:

Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով Երեւան է ժամանել այսօր առավոտյան: Պատվիրակության կազմում են էներգետիկայի նախարարը, արտաքին գործերի, շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանման, մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի, տնտեսական զարգացման, ֆինանսների, աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական ապահովության փոխնախարարները, «Վրաստանի երկաթգիծ», «Վրաստանի գազի եւ նավթի միջազգային ընկերություն» ընկերությունների գլխավոր տնօրենները, այլ պաշտոնյաներ:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG