Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մերժում է Հակոբյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը


Վերաքննիչ դատարանը, դատավոր Սուրեն Ղազարյանի նախագահությամբ, այսօր մերժեց «Ռոյալ Արմենիա» ընկերության համասեփականատեր Գագիկ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը

Հակոբյանը կալանավորվել էր հոկտեմբերի 3-ին «Զվարթոց» օդանավակայում: Նա վերադառնում էր Իսպանիայից, ուր մեկնել էր բուժման նպատակով` Վերաքննիչ դատարանի նիստին մասնակցելու համար:

Մեկ տարի 9 ամիս Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անցկացրած «Ռոյալ Արմենիա»-ի ղեկավարները (ընկերության համասեփականատեր Գագիկ Հակոբյանը եւ փոխտնօրեն Արամ Ղազարյանը) Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանից ազատ էին արձակել. դատավոր Պարգեւ Օհանյանը առաջադրված բոլոր հինգ մեղադրանքներով էլ նրանց անմեղ էր ճանաչել:

Այս որոշումը մեղադրող կողմը բողոքարկում է Վերաքննիչ դատարանում: Գագիկ Հակոբյանը չէր ներկայացել դատական առաջին նիստին, իսկ երկրորդի ժամանակ` օգոստոսի 29-ին, Վերաքննիչ դատարանը բավարարել էր դատախազության միջնորդությունը` որոշելով փոխել Հակոբյանի խափանման միջոցը եւ կալանել նրան` դատարան չներկայանալու պատճառաբանությամբ, չնայած «Ռոյալ Արմենիա»-ի սեփականատերը փաստաբանի միջոցով դատարանին ներկայացրել էր իր գտնվելու վայրի մասին տեղեկանք:

Փաստաբան Աշոտ Սարգսյանը իր միջնորդության մեջ նշել էր, որ Հակոբյանին կալանքի տակ պահելու որեւէ անհրաժեշտություն չկա, քանի որ նա, կիսատ թողնելով բուժումը, ինքնակամ Իսպանիայից վերադարձել է Հայաստան եւ պատրաստ է մասնակցել դատավարությանը:

Չնայած պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկներին, դատավոր Սուրեն Ղազարյանը մերժեց Հակոբյանին կալանքից ազատելու միջոնորդությունը` հիմնավորելով, որ «Ռոյալ Արմենիա»-ի համասեփականատերը «ծանր հանցագործության մեջ է մեղադրվում եւ կարող է թաքնվել, խոչընդոտել դատավարությանը, ինչպես նաեւ ազդել դատավարության մասնակիցների վրա»:

Երբ նիստը նախագահող դատավորը հրապարկեց իր որոշումը, Աշոտ Սարգսյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ բացարկ է հայտնում Սուրեն Ղազարյանին, քանի որ նա «օբյեկտիվորեն չի քննում գործը»:

Սարգսյանը հավելեց, որ Սուրեն Ղազարյանը, տեսնելով դատավոր Պարգեւ Օհանյանի օրինակը, ում «Ռոյալ Արմենիա»-ի գործով արդարացման դատավճիռ կայացնելու համար կարող են զրկել դատավորի կոչումից, ամեն ինչ անում է «աշխատանքը չկորցնելու համար»:

Սուրեն Ղազարյանը չընդունեց պաշտպանական կողմի դիտարկումները` ասելով, թե ինքն ամեն ինչ անում է «օբյկետիվ ճշմարտությունը բացահայտելու համար»:

Մոտ կես ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո նիստին մասնակցող մյուս երկու դատավորները չընդունեցին պաշտպանական կողմի բացարկի պահանջը` այն որակելով անհիմն:

Այնուհետեւ Սուրեն Ղազարյանը շարունակեց գործի քննությունը: Երբ մեղադրող կողմը սկսեց հարցեր ուղղել «Ռոյալ Արմենիա»-ի փոխտնօրեն Արամ Ղազարյանին, փաստաբան Աշոտ Սարգսյանը մի քանի անգամ առարկություն հնչեցրեց «կրկնվող եւ ենթադրական» հարցերի կապակցությամբ, դատավոր Ղազարյանը դիտողություն արեց փաստաբանին, իսկ հետո որոշեց դատական նիստը հետաձգել եւ Աշոտ Սարգսյանի վարքագծի վերաբերյալ բողոք ուղարկել Փաստաբանների պալատ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Աշոտ Սարգսյանը ասաց, որ սա թերեւս մեղադրող կողմի եւ դատավորի կողմից նախապես ծրագրված սցենար էր` ուղղված իրեն դատավարությունից հեռացնելուն:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG