Մատչելիության հղումներ

logo-print

Միշա Հարությունյանը կրկին դիմելու է վճռաբեկ դատարան


Այս տարի հունիսի 28-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանից ուղարկված երկրորդ գործի վերաբերյալ որոշում կայացրեց` ճանաչելով, որ խախտվել են 27-ամյա Միշա Հարությունյանի իրավունքները, եւ պարտադրեց Հայաստանի կառավարությանը 4 հազար եվրո վճարել Հարությունյանին` բարոյական վնասի դիմաց: Հարությունյանեւ նրա շահերի պաշտպանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ իրենք կրկին դիմելու են Հայաստանի վճռաբեկ դատարան` հասնելու արդարացման վճռի:

«Եվրոդատարանի վճռում մի շարք գնահատականներ են տրված: Եվ այդ գնահատականները այնքան միանշանակ են, հստակ, որ ես չեմ կարծում, որ այդ պայմաններում մեր դատարանները փորձեն այլ բան անել, քան արդարացնել Միշա Հարությունյանին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հարությունյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը` հավելելով, որ Հայաստանի վճռաբեկ դատարանին դիմելու են արդեն առաջիկա շաբաթվա ընթացքում:

Եվրոպական դատարանի վճռից գրեթե չորս ամիս անց` հոկտեմբերի 11-ին կառավարության հերթական նիստի ընթացքում որոշվեց 2007 թվականի պահուստային ֆոնդի հաշվին 4000 եվրոյին համարժեք դրամ հատկացնել արդարադատության նախարարությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով:

Բարոյական հատուցուման պահանջը կատարվեց, բայց Միշա Հարությունյանը այսօր ապրում է Մոսկվայում` մարդասպանի խարանը դեռ ճակատին, քանի որ Հայաստանի դատական մարմիններն արդարացման վճիռ չեն կայացրել:

Գյուղակադեմիայի երկրորդ կուրսի ուսանող Հարությունյանը 10 տարի առաջ կամավոր բանակ է գնում: 18-ամյա երիտասարդը ընդամենը մի քանի ամիս հետո մեղադրվում է հայազգի մի զինծառայողի սպանության մեջ: Զինդատախազության քննիչները Միշա Հարությունյանին ու նրա ընկերներին անմարդկային բռնությունների ու կտտանքների են ենթարկում:

«[Հարությունյանի ընկերների] Եղունգները պլասկագուբցիով սեղմում էին», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Հարությունյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: - «Ու այդ մեթոդներով ասում էին` կա’մ դուք եք արել, կա’մ Միշա Հարությունյանը: Երկար չդիմացան եւ նախընտրեցին ասել, որ Միշա Հարությունյանն է արել: Դրանից հետո նույն կտտանքներին ենթարկում են Հարությունյանին օրեր շարունակ... Երբ կարդաք, թե ինչեր են արել, կցնցվեք»:

Եվ այդ բռնությունների հետեւանքով Միշա Հարությունյանը ստիպված ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Շարունակելով` փաստաբանն ասաց, որ, չնայած ռազմական ոստիկանության քննիչները բռնությամբ ցուցմունք կորզելու համար արդեն դատապարտվել էին, այդուամենայնիվ հենց նույն ցուցմունքների հիմքով Միշա Հարությունյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:

2003-ին` մոտ հինգ տարի կալանավայրում անցկացնելուց հետո, Հարությունյանը վաղաժամկետ ազատ արձակվեց:

«Երեք ամիս Հայաստանում մնալուց հետո մեկնեցի Մոսկվա, այդպես էլ չկարողացա ավարտել կրթությունս», - այսօր հեռախոսով Մոսկվայից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց Միշան:

Մեր դատավորները, ըստ Ալումյանի, չեն համարձակվում արդարացման դատավճիռներ կայացնել, հավանաբար վախենում են Արդարադատության խորհրդի պատժից, բայց չեն վախենում անհեթեթ ձեւակերպումով դատավճիռներից: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Լեռնիկ Աթանյանը, Ալումյանի խոսքերով, «գրեց մի ցնցող արտահայտություն դատավճռի մեջ` թեեւ բռնություններ են կիրառվել նախաքննության ժամանակ, սակայն դրանք կիրառվել են ճշմարտությունը պարզելու համար»:

Եվ նման ձեւակերպումով դատավճիռը ավելի ուշ հաստատել են վերաքննիչ եւ վճռաբեկ ատյանների դատարանները: Ավելին` Վճռաբեկ դատարանը որոշել էր, որ առաջին եւ վերաքննիչ ատյանի դատարանների դատավորները «գործել են օրենքի սահմաններում»:

Նման դատավճիռ կայացնելու համար Արդարադատության խորհուրդը, Եվրոդատարանի որոշումից հետո` ընդամենը երեք ամիս առաջ, պատասխանատվության է ենթարկել միայն առաջին ատյանի դատավոր Լեռնիկ Աթանյանին:

«Այդ դատավորի այդ արտահայտության պատճառով Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ վճիռ է կայացրել: Հայաստանի Հանրապետությանը ճանաչել է Եվրոպական կոնվենցիան խախտող պետություն: Եվ այս պայմաններում այդ դատավորին տվել են [ընդամենը] նկատողություն», - ասաց Ալումյանը` շարունակելով. - «Իսկ Պարգեւ Օհանյանը, որին մեղսագրվում էին չնչին ինչ-որ խախտումներ... ենթարկեցին ամենախիստ պատասխանատվության»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG