Մատչելիության հղումներ

Շուրջերկրյա ճամփորդություն... ավտոմեքենայով


Շվեյցարացի ամուսիններ` 65-ամյա Էմիլ եւ 66-ամյա Լիլիանա Շմիդները 23 տարի առաջ՝ 1984 թվականի հոկտեմբերի 18-ին ավտոմեքենայով ճանապարհ են ընկել` նպատակ ունենալով այցելել աշխարհի բոլոր մայրցամաքների բոլոր երկրները:

Նրանք արդեն եղել են 156 պետություններում: Անցած շաբաթ օրը լաստանավը ամուսիններին պատկանող «Տոյոտա Լենդ Քրուիզեր» մեքենան Արեւելյան Թիմորից հասցրել է Թայվան, որտեղ Էմիլն ու Լիլիանան սկսել են իրենց հերթական ուղեւորությունը:

Շուրջերկրյա ճամփորդության ընթացքում ամուսինների այցելած առաջին երկիրն ԱՄՆ-ն էր:

23 տարիների ընթացքում նրանք եղել են ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Եվրոպայում, Հարավարեւելյան Ասիայում եւ ընդամենը երեք անգամ են ընդհատել ուղեւորությունն ու վերադարձել Շվեյցարիա:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Էմիլ եւ Լիլիանա Շմիդները ցանկանում են իրենց մեքենայով մեկնել եւս 35 երկիր` այդ դեպքում նրանք այցելած կլինեն Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից պաշտոնապես ճանաչված բոլոր 192 պետությունները:

DPA-ն հաղորդում է, որ ամուսիններն օրական ծախսում են միջինը 36 դոլար, քնում են քնապարկերում եւ խմում են ախտահանված ջուր:

«Մեր ուղեւորության համար ամենակարեւոր պարագաներն են քնապարկները, տաք ձմեռային վերմակները, ջրի մաքրման ֆիլտրերն ու ճանապարհային քարտեզները», - «Յունայթեդ Դեյլի Նյուս» պարբերականին ասել է Էմիլ Շմիդը:

Ամուսինների խոսքերով, ճանապարհորդությունն ընձեռել է աշխարհի «կախարդական գեղեցությունը տեսնելու եւ բազմաթիվ հրաշալի մարդկանց հետ բարեկամանալու հնարավորություն»:

«Մենք ուզում ենք մեր կյանքն ավարտել հենց ճամփորդության ընթացքում», - ասել են Էմիլն ու Լիլիանան:

Ամուսիններն իրենց օրագրերը եւ բազմաթիվ լուսանկարները տեղադրել են ճամփորդությանը նվիրված հատուկ կայքէջում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG