Մատչելիության հղումներ

Մահափորձ Վլադիմիր Պուտինի դե՞մ


Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները նախագահ Վլադիմիր Պուտինին նախազգուշացրել են Թեհրանում իր դեմ ծրագրված մահափորձի վտանգի մասին:

Իրանի մայրաքաղաքում Պուտինը մասնակցելու է Կասպյան երկրների գագաթնաժողովին:

Ռուսաստանի նախագահը երեկվանից գտնվում է Գերմանիայում, որտեղ Վիսբադենում մասնակցում է ռուս - գերմանական համաժողովին: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկում է ռուս - գերմանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ միջազգային այլ թեմաներ:

Գերմանիայում Պուտինը հրաժարվել է մեկնաբանել հնարավոր մահափորձի հարցը` ասելով, թե դրան կանդրադառնա «ավելի ուշ»:

Իրանի պաշտոնական աղբյուրները հերքել են մահափորձի լուրը եւ հայտնել, թե «դա հոգեբանական պատերազմ է, որը ծրագրել են Իրանի թշնամիները, ու դրա նպատակն է վնաս հասցնել ռուս - իրանական կապերին»: «Ռոյթերզ»-ը նշում է, որ «Իրանի թշնամիներ» տերմինով պաշտոնական Թեհրանում, որպես կանոն, խոսում են արեւմտյան երկրների մասին:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Պուտինի Թեհրան կատարելիք այցը չեղյալ հայտարարելու կամ հետաձգելու մասին որեւէ տեղեկություն չկա:

«Մահափորձի մասին լուրը գաղտնի ծառայություններն են փոխանցել, նախագահը տեղեկացված է», - ասել է խոսնակը:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, «անվտանգության ծառայությունները հաղորդել են, որ մահապարտ ահաբեկիչների մի խումբ մտադիր է սպանել կամ առեւանգել Պուտինին»: Այս պահին հայտնի չէ, թե ո՞ր խմբավորումները կարող են ծրագրել նման հարձակում:

«Անվտանգության ծառայությունը տեղեկությունը ստացել է արտասահմանյան մի քանի աղբյուրներից», - հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, որը, ըստ «Ռոյթերզ»-ի, Կրեմլի հետ սերտորեն համագործակցող սակավաթիվ գործակալություններից է:

Իրանցի պաշտոնյաները հաստատում են, որ Ռուսաստանի նախագահի այցն ուժի մեջ է:

«Պարոն Պուտինն այսօր երեկոյան կժամանի Իրան», - ասել է արտգործնախարարության խոսնակ Մոհամադ Ալի Հոսեյնին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG