Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության բանաձեւը կընդգրկվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հաստատել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը կընդգրկվի պալատի լիագումար նիստի օրակարգում:

«Արդեն 23 երկիր հայերի զանգվածային սպանությունները որակել է ցեղասպանություն, եւ Միացյալ Նահանգները պետք է 24-րդը դառնա», - շեշտել է Փելոսին եւ ողջունել բանաձեւի ընդունումը արտաքին գործերի կոնգրեսական հանձնաժողովի կողմից:

«Երբեք հարմար ժամանակ չի եղել այս բանաձեւի համար», - հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը` ABC հեռուստաալիքի «Այս շաբաթ» ծրագրին տված հարցազրույցում հակադարձելով բանաձեւի ընդունման համար անպատեհ ժամանակի ընտրության վերաբերյալ պնդումներին:

«Վաշինգտոն Փոստ»-ի փոխանցմամբ, Նենսի Փելոսին ընդգծել է, որ 20 տարի առաջ, երբ առաջին անգամ ընտրվել էր Կոնգրեսում, «հարմար ժամանակ չէր Խորհրդային Միության պատճառով, այնուհետեւ հարմար ժամանակ չէր Ծոցի առաջին պատերազմի պատճառով, իսկ այժմ էլ հարմար ժամանակ չէ Ծոցի երկրորդ պատերազմի պատճառով»:

«Եվ այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության վերապրողները մշտապես չեն լինելու մեր կողքին», - շեշտել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը:

Նա նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը այս օրինագծի հարցով իրեն ոչինչ չի ասել:

2000 թվականին նույնանման մի օրինագիծ Ներկայացուցիչների պալատի օրակարգից հանվել էր պալատի նախկին խոսնակ, հանրապետական Դենիս Հասթերթի կողմից, երբ նրան նման խնդրանքով դիմել էր Միացյալ Նահանգների նախագահ Բիլ Քլինթոնը:

Ամերիկյան խորհրդարանի ստորին պալատի խոսնակը անցած շաբաթավերջին ասել էր, որ թիվ 106 բանաձեւը պալատի լիագումար նիստում քվեարկության է դրվելու այս տարի:

Վերլուծաբանների կանխատեսմամբ, դա տեղի կունենա մինչեւ Գոհաբանության օրը` նոյեմբերի 22-ը:

«Թրքիշ դեյլի նյուս»-ը, սակայն, վկայակոչելով իր կոնգրեսական եւ դիվանագիտական աղբյուրները, գրել էր, թե Նենսի Փելոսին կարող է Հայոց ցեղասպանության բանաձեւը պալատի քվեարկությանը ներկայացնել արդեն այս շաբաթ:

Միաժամանակ, «Միլիեթ» օրաթերթի վկայությամբ, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթը զգուշացրել է, թե ամերիկյան Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման դեպքում ռազմական ոլորտում թուրք - ամերիկյան հարաբերությունները «անդառնալի վնաս կկրեն»:


Աստղիկ Բեդեւյան, Երեւան, եւ Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG