Մատչելիության հղումներ

ՍՏՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը հաստատում է Թուրքիայում հայաստանցիների ձերբակալությունների փաստը


Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը, ում նստավայրը Ստամբուլն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Թուրքիայում Հայաստանի քաղաքացիների ձերբակալությունների փաստը:

«Իմ տրամադրության տակ կան ոչ պաշտոնական տեղեկություններ, որոնք իրոք հաստատում են նման փաստը», - ասաց Կարեն Միրզոյանը: - «Ավելի ստույգ տեղեկություններ, ցավոք սրտի, չեմ կարող տրամադրել, որովհետեւ ի պաշտոնե նման հարցերը չեն մտնում իմ իրավասության շրջանակների մեջ, բայց ոչ պաշտոնական տեղեկությունները հաստատում են նման ձերբակալությունների փաստը»:

Իռլանդիայում լույս տեսնող «Այրիշ թայմս» պարբերականը նախորդ շաբաթ տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի, Թուրքիայում ձերբակալվել են շուրջ 100 հայաստանցի ապօրինի ներգաղթողներ, որոնք արտաքսվելու են հայրենիք: «Նրանց վտարումը դիտվում է որպես վրեժխնդրություն [ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառվող] ցեղասպանության բանաձեւի համար», - գրել էր թերթը:

Կարեն Միրզոյանի տեղեկություններով, սակայն, Հայաստանի որոշ քաղաքացիների, որոնք Թուրքիայի տարածքում էին վիզային ռեժիմի խախտումներով, թուրքական իշխանությունները բանտարկել են` «նպատակ ունենալով նրանց արտաքսել հենց վիզային ռեժիմի խախտումների համար»:

«Ընդհանրապես, պետք է շեշտել, որ վերջին շրջանում Թուրքիայի իշխանությունները ավելի խիստ քաղաքականություն են անցկացնում, այսպես կոչված, «իլեգալ» աշխատողների նկատմամբ, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում», - նշեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչը` հավելելով. - «Դատելով մամուլում եղած հրապարակումներից` նաեւ ոչ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ»:

Ձերբակալվածները, Հայաստանի ներկայացուցչի «կրկին ոչ պաշտոնական» տեղեկություններով, դեռեւս Թուրքիայի տարածքում են:

Այն հարցին, թե հիմնականում ինչո՞վ են զբաղվում Թուրքիա ապօրինի ներթափանցած Հայաստանի քաղաքացիները, Կարեն Միրզոյանը պատասխանեց. - «Իմ անձնական շփումները, տեղեկությունները թույլ են տալիս մի քանի խմբի դասել. հիմնականում, դրանք կանայք են, որոնք այստեղ զբաղվում են Թուրքիայի հայազգի քաղաքացիների ընտանիքներում տարբեր ծառայություններ մատուցելով` հիվանդներին, ծերերին են խնամում, հավաքարարներ են... Կան, իհարկե, նաեւ առեւտրով զբաղվող մարդիկ, բայց առեւտրով զբաղվողները հիմնականում մարդիկ են, որոնք անընդհատ ճանապարհորդում են»:

«Ունե՞ք տեղեկություններ, մարմնավաճառությամբ զբաղվելու դեպքե՞ր էլ կան Հայաստանի քաղաքացի կանանց կողմից», - այս հարցին Միրզոյանը արձագանքեց. - «Որքանով ես կարող եմ դատել` այո, նման դեպքեր կան»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG