Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 13-ը հոկտեմբերի)

Երեւանյան բոլոր թերթերը անդրադարձել են այն հանգամանքին, որ ուրբաթ օրը Արդարադատության խորհուրդը որոշում է կայացրել դիմել Ռոբերտ Քոչարյանին՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-֊Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու միջնորդությամբ: «Հայք»-ը վերլուծել է. - «Ժամանակին Պարգեւ Օհանյանը իր մյուս գործընկերների հետ մեկտեղ գիշերով դատաքննություններ էր կազմակերպում եւ վարչական կալանքի ենթարկում ընդդիմության կազմակերպած հանրահավաքների մասնակիցներին: Պարգեւ Օհանյանի դատավճռով մեկուկես տարվա ազատազրկման դատապարտվեց էդգար Առաքելյանը, որը մեղադրվում էր 2004 թվականի ապրիլի 13-ի գիշերը իրեն մահակով հարվածող ոստիկանության աշխատակցին պլաստիկե դատարկ շշով խփելու համար... Բայց, երբ մի օր Օհանյանն իր մեջ համարձակություն գտավ չկատարելու իշխանությունների պատվերը, Արդարադատության խորհուրդն անմիջապես սկսեց մանրամասն քննել Օհանյանի գործունեությունը»: «Այս պատմությունը», - շարունակում է թերթը, - «հիշեցնում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի հետ կատարվածը: Քանի դեռ Ճոյտը անվերապահորեն ենթարկվում էր իշխանություններին, խաղում նրանց սահմանած խաղի կանոններով, նրան թույլատրված էր ամեն ինչ` իր տարածաշրջանում լինել «ցարիբոգ», ընդհուպ մինչեւ ունենալ չգրանցված, անլեգալ կերպով գործող մի քանի գազալցակայան: Բայց, երբ Ճոյտը համարձակվեց վիճաբանել ու ծեծկռտուք սարքեց Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանի եւ նրա թիկնապահների հետ, հանկարծ հայտնվեց Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում: Հետո նրա հանդեպ սկսվեց հալածանքների շարք, հարուցվեց քրեական գործ: Ու Ճոյտը զրկվեց իր ունեցվածքի զգալի մասից»:

«Ժամանակ Երեւան»-ը հայտնում է. - «Երեկ «Մարիոթ» հյուրանոցում լրատվամիջոցների համար փակ հավաք են կազմակերպել Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները: Մեր տեղեկություններով` հավաքին մասնակցել է մոտ 100 մարդ: Օրվա վերջում «Իմփիչմենթ»-ի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը մամուլի հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր. - «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել շուրջ 25 հասարակական, քաղաքական կազմակերպությունների հավաք, որի մասնակիցները Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին կոչ են արել մասնակցել Հայաստանի նախագահի առաջիկա ընտրություններին: Հավաքի մասնակիցները նաեւ պատրաստակամություն են հայտնել նախագահական առաջիկա ընտրություններում համակողմանի աջակցություն ցուցաբերել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Առաջիկա օրերին Երեւանի կենտրոնում կբացվի գրասենյակ, ուր Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրները կարող են հավաքվել, քննարկել անելիքները, առաջարկություններ ներկայացնել ու աշխատել Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի առաջին նախագահի քաղաքական ակտիվացումը լրջորեն նյարդայնացնում է Սերժ Սարգսյանին: Սրա մասին է վկայում նաեւ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի հետ վերջին օրերին տեղի ունեցած դեպքը: Բանն այն է, որ Կիմ Բալայանը հոկտեմբերի 15-ին պատրաստվում է նշել իր ծննդյան 60-ամյակը: Երբ հոբելյարը օրերս ցանկացել է Սերժ Սարգսյանին անձամբ հրավիրել իր հոբելյանին, վերջինս հայհոյանքներով հարձակվել է Սահմանադրական դատարանի դաշնակցական անդամի վրա` նրան մեղադրելով այն բանում, որ չի խափանել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Դաշնակցության ղեկավարության հանդիպումը: Թե ինչպես պետք է Բալայանը խափաներ այդ հանդիպումը, պարզ չէ: Պարզ է, որ Սերժ Սարգսյանը կորցնում է ինքնատիրապետումը»:

«Չորրորդ իշխանություն»-ը տխուր գույներով է անդրադառնում Երեւանի օրվան. - «Տոնական տրամադրությունը արտահայտվում է հատկապես նրանով, որ երեւանցիները սովորականից մի քանի անգամ ավելի շատ են հայհոյում իշխանություններին, որովհետեւ սրանք, չգիտես ինչու, որոշել են տոնի առթիվ քաղաքի կենտրոնի հատուկենտ երթեւեկելի փողոցները նույնպես փակել: Այսինքն` զարմանալու բան չկա: Ուշադիր նայեք «օրվա հերոսներին»` Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Արբահամյան, Երվանդ Զախարյան... Նմուշի համար մեկը չկա, որը Երեւանում ծնված լինի: Դրա համար էլ Երեւանի տոնը երեւանցիների հաշվին են նշում»:

«Առավոտ»-ը Թբիլիսիից հաղորդում է. - «Հոկտեմբերի 11-ին Թբիլիսիի կոնսերվատորիայի 4 հազար տեղանոց դահլիճը լցրել էին Թաթա Սիմոնյանի երկրպագուները: Նշենք, որ հայկական ժամանակակից ռաբիսի արքայազնի երկրպագուների պակաս չկա նաեւ Վրաստանում, եւ նրա համերգի ունկնդիրները ոչ միայն տեղացի հայերն էին: Համերգին մի կերպ տոմս ճարած տեղացիներից մեկը այսպես փոխանցեց` «Մեծ հարսանիք էր»: Պատմեց, որ ոստիկանները խոչընդոտել են նաեւ բեմի վրա պարելու ոմանց փորձերին, ինչից հետո Թաթան բոլորին հրավիրել է Հայաստան` այնտեղ հանգիստ պարելու»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG