Մատչելիության հղումներ

Բրյուսելում մեկնարկում է Եվրոպահայերի երկրորդ համագումարը


Այսօր Բրյուսելում սկսվում է Եվրոպահայերի երկրորդ համագումարը: Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնած երկօրյա համաժողովին մասնակցելու են Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան 0սկանյանը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը, 29 երկրների հայ համայնքների ակտիվիստներ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը, համաժողովի 230 մասնակիցները հիմնականում Եվրամիության երկրներից են, սակայն կան նաեւ պատվիրակներ Եվրամիության անդամ չհանդիսացող Նորվեգիայից, Շվեյցարիայից, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքից եւ Ռուսաստանից:

Առաջին օրը համագումարի պատվիրակները կանդրադառնան 1987 թվականին Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ կմեծարեն բոլոր այն գործիչներին, ովքեր իրենց աշխատանքով հնարավոր են դարձրել այդ կարեւոր նվաճումը:

Ըստ Հիլդա Չոբոյանի, համաժողովի ընթացքում կքննարկվեն Եվրամիության եւ Հայաստանի հարաբերությունները, Եվրոպայի դերը Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանում, եվրոպական երկրներում ցեղասպանության ուրացման խնդիրը եւ այդ միտումի դեմ պայքարի հնարավորությունները:

Համաժողովին հրավիրված` Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը տեղեկություններ կփոխանցի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի շուրջ ծավալվող զարգացումների վերաբերյալ:

Համագումարի շրջանակներում նախատեսվում է նաեւ հանուն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մղվող պայքարը ներկայացնող «Ճչացողները» կինոնկարի ցուցադրությունը Եվրախորհրդարանում` ֆիլմի ռեժիսոր Կարլա Կարապետյանի մասնակցությամբ: Ֆիլմի ցուցադրությունը նվիրված է Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակին:

Եվրոպահայերի առաջին համագումարը անցկացվել է 2004 թվականի հոկտեմբերին` Բրյուսելում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG