Մատչելիության հղումներ

Երկու տասնյակից ավելի կազմակերպությունների ներկայացուցիչներ կոչ են անում Տեր-Պետրոսյանին մասնակցել նախագահական ընտրություններին


Ուրբաթ օրը Երեւանում տեղի ունեցավ շուրջ 25 հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք, որի մասնակիցները Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին կոչ են արել մասնակցել 2008-ի նախագահական ընտրություններին` պատրաստակամություն հայտնելով համակողմանի աջակցություն ցուցաբերել նրան:

Հավաքի մասնակիցների բնորոշմամբ, իրենք հավաքվել էին` ի մի բերելու նախկինում արտահայտած դիրքորոշումներն ու տեսակետները:

ՀՀՇ-ի վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այսօրվա հավաքն ավելի շատ կազմակերպչական էր. - «Խոսվեց Տեր-Պետրոսյանի առաջադրման անհրաժեշտության մասին: Հետագայում երեւի արդեն կստեղծվի ավելի փոքր խումբ, որը դա կձեւակերպի եւ կներկայացնի»:

Ազատական առաջադիմական կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը վստահեցրեց, թե այսօրվա հավաքին ներկա են գտնվել այն քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք վերջնական որոշում են կայացրել Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու վերաբերյալ: Հովհաննիսյանը, սակայն, գտնում է, որ հավաքվել են Լեւոն Տեր Պետրոսյանին սատարողների ընդամենը մի մասը:

«Բոլոր ելույթներում շեշտադրված էր, որ իրապես իրավիճակը շատ ծանր է, օրհասական է, մարտահրավերները շատ ծանր են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հովհաննես Հովհաննիսյանը: - «Բոլոր ելույթներում կարմիր թելով գնում էր մի միտք, որ այդ վիճակը պիտի փոխվի, երկրում անհրաժեշտ են լուրջ բարեփոխումներ, փոփոխություններ: Եվ բոլորը հանգում էին նրան, որ դա հնարավոր է անել միայն եւ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձով եւ նրան լուրջ քաղաքական հենարան ստեղծելով»:

Ազատական առաջադիմական կուսակցության ղեկավարի փոխանցմամբ, առաջիկայում կստեղծվի աշխատանքային փոքր խումբ, որը կհամակարգի բոլոր գործողությունները:

Հավաքի մեկ այլ մասնակցի` Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի եւ իր կուսակիցների համար հստակ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է:

«Նպատակը Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ», - ասաց Լյուդմիլա Սարգսյանը`շարունակելով. - «Նպատակն է` ունենալ նորմալ երկիր, որտեղ մեր երեխաները ապագա ունեն: Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ այդ ապագան մեզ կարող է ապահովել այն թիմը, որը ձեւավորվում է, եւ այդ թիմի հետ միասին այն նախագահը, որին կառաջադրի այդ թիմը: Մենք այսօր այդ նախագահի դերում տեսնում ենք Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

«Այստեղ խնդիրը մեկն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը որեւէ կուսակցությունով չի առաջադրվելու», - ասաց հավաքի մասնակիցներից «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: - «Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է քաղաքացիական նախաձեռնությամբ»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG