Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու ծրագրից: Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հետ այսօր Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ այդ ծրագիրը կարող է վնասել ռուս - ամերիկյան հարաբերությունները:

«Իհարկե, ապագայում մենք կարող է երբեւէ որոշենք հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրել Լուսնի վրա, բայց մինչ այդ մենք կարող ենք կորցնել համաձայնությունների գալու հնարավորությունները, քանի որ դուք կիրագործեք ձեր սեփական ծրագիրը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Միաժամանակ, նա դրական նշան է համարել երկխոսությունը շարունակելու` ամերիկյան կողմի դիրքորոշումը, եւ հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները չի շտապի իրականացնել ծրագիրը:

Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկում է հրաժարվել Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղադրելու ծրագրից` փոխարենը առաջարկելով համատեղ օգտագործել ադրբեջանական Գաբալայի ռադարային կայանը, նաեւ պատրաստակամություն հայտնելով համատեղ օգտագործել Ռուսաստանի հարավում` Արմավիրում նոր կառուցվող կայանը:

Քոնդոլիզա Ռայսը հանդիպման ժամանակ ասել է, թե պետք է փորձեն գտնել բոլորի համար ընդունելի համագործակցության ճանապարհ. - «Որտեղ մոտեցումների տարբերություններ կան` մենք պետք է փորձենք հաղթահարել դրանք, քանի որ ահաբեկչության սպառնալիքների դեմ պայքարելու ընդհանուր դիրքորոշումները շատ ավելի մեծ են, քան մեզ բաժանող խնդիրները»:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը հաղորդում է, որ 40 րոպե սպասեցնելուց հետո ընդունելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին` Պուտինը երկար մենախոսություն է սկսել ռուս - ամերիկյան 1987 թվականի համաձայնագրի շուրջ: Նա ասել է, թե Ռուսաստանի համար դժվար է մնալ 20 տարի առաջ ստորագրված պայմանագրի շրջանակներում, երբ մյուս երկրները ակտիվորեն զարգացնում են փոքր եւ միջին հեռահարության հրթիռները:

Քոնդոլիզա Ռայսը եւ Ռոբերտ Գեյթսը Մոսկվա են ժամանել երկօրյա այցով: Նախատեսվում են նրանց բանակցությունները նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ:

Այցի օրակարգում տեղ գտած կարեւորագույն հարցերից են Լեհաստանում եւ Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու` Միացյալ Նահանգների ծրագիրը, Կոսովոյի կարգավիճակը:

Անդրադարձ է կատարվելու նաեւ Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին:

ԱՄՆ-ի պետքարտուղարը վաղը հանդիպելու է մի խումբ իրավապաշտպանների հետ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG