Մատչելիության հղումներ

Իսրայելին մտահոգում է Հայոց ցեղասպանության հարցով բանավեճը


Իսրայելը հինգշաբթի օրը մտահոգություն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցով բանավեճի առնչությամբ:

«Մենք Թուրքիայի մտահոգությունները շատ լուրջ ենք ընդունում: Մենք գերազանց հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ», - հայտարարել է Իսրայելի արտգործնախարարության խոսնակ Մարկ Ռեգեւը:

Նա հայտնել է, որ Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի քաղաքականությունում «փոփոխություն չկա»:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, Իսրայելը ընդունում է, որ հայերի դեմ ջարդեր են գործադրվել, սակայն ձեռնպահ է մնում դրանք «ցեղասպանություն» որակելուց:

Այս տարի ավելի վաղ, երբ Իսրայելի խորհրդարանում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, արտգործնախարար Ցիպի Լիվնին մտավախություն էր հայտնել, թե նման բանաձեւի ընդունումը կարող է ապակայունացնել Թուրքիայի հետ հարաբերությունները:

«Որպես հրեաներ եւ իսրայելցիներ` մենք Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի դեմ գործադրված կոտորածները հիշատակելու բարոյական պարտավորություն ունենք», - հայտարարել էր Լիվնին` հույս հայտնելով, որ «երկու կողմերը կարող են հասնել բաց երկխոսության, որը նրանց հնարավորություն կտա դարմանել բաց մնացող վերքերը»:

Այս շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Իսրայելում արտգործնախարար Լիվնիի հետ քննարկել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում շրջանառվող Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցը` Իսրայելին հորդորելով օգտագործել Վաշինգտոնում ունեցած իր ազդեցությունը` բանաձեւի ընդունումը թույլ չտալու համար:

Մարկ Ռեգեւը երեկ ձեռնպահ է մնացել հայտնելուց, թե ինչպե՞ս է Իսրայելը արձագանքել Թուրքիայի արտգործնախարարի հորդորին, եւ այդ հարցում միջամտելու կոչով դիմելո՞ւ է արդյոք Վաշինգտոնում իր դաշնակիցներին:

Իսրայելի արտգործնախարարության նախկին տնօրեն, թուրք - իսրայելական հարաբերությունների գծով փորձագետ Ալոն Լիելը, իր հերթին, կարծիք է հայտնել, թե ամերիկյան Կոնգրեսի բանաձեւը կարող է ի վերջո վնասել նաեւ Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունները:

Լիելը պարզաբանել է, որ ԱՄՆ-ում գործող «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական կազմակերպության դիրքորոշման փոփոխությունը եւ դրա կողմից անցած դարասկզբին հայերի հետ կատարվածը «ցեղասպանությանը հավասարազոր» փաստ որակելը կարող է հանգեցնել այն բանին, որ «Թուրքիան կմեղադրի հրեական կազմակերպություններին, ապա կհասնի մեզ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG