Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ը գրում է, որ «Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի հետագա ճակատագիրը այժմ կախված է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի մինչ օրս որդեգրած սկզբունքային ու ազնիվ դիրքորոշման ամրությունից»: «Սակայն մի բան պարզ ու հստակ է արդեն անցած չորեքշաբթի կայացած հիրավի պատմական դեբատներից հետո: Միացյալ Նահանգների օրենսդիր իշխանության մեջ ներկայացված զույգ կուսակցություններից եւ ոչ մեկը դույզն-ինչ կասկած չունի, որ 1915-23 թվականներին հայ ժողովուրդը Օսմանյան Թուրքիայում ենթարկվել է ցեղասպանության», - շեշտում է թերթը:

«Առավոտ»-ի խմբագրականը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը միտված թիվ 106 բանաձեւի ընթացքին, գնահատել է. - «Անշուշտ, շատ կարեւոր է, որ ամերիկյան խորհրդարանի հեղինակավոր հանձնաժողովը վերջապես իրերը կոչեց իրենց անուններով եւ «ցեղասպանություն» որակեց 20-րդ դարի դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ տեղի ունեցած վայրագությունները»։ «Այս ամենով հանդերձ, լայնածավալ էյֆորիայի կարիք չկա, թեեւ դրա նշաններն արդեն երեւում են», - գրել է գլխավոր խմբագիրն ու փաստարկել. - «Թուրքիան այն պետությունը չէ, որին կարելի է ինչ-որ բան պարտադրել բանաձեւերի կամ խորհրդարանական հռչակագրերի միջոցով: Այդ երկիրն ունի իր հստակ շահերը եւ անկախ ամեն ինչից, իր հնարավորությունների հանգույն, հետամուտ է լինելու դրանց իրականացմանը»:

Պաշտոնը թողնելուց հետո նախագահ Քոչարյանի վարչապետ դառնալու հավանականությունը դիտարկելով` «Իսկական իրավունքը» թերթի գլխավոր խմբագիրը շեշտադրել է. - «Եթե Ռոբերտ Քոչարյանն իրոք գլխավորի ԲՀԿ-ն, ապա արդեն որպես ԲՀԿ-ի առաջնորդ կարող է ՀՀԿ-ի նախագահական թեկնածուին սատարելու նախապայման համարել սեփական ապագա վարչապետությունը»։ «Իսկ եթե ՀՀԿ-ն ցանկություն չունենա դրան համաձայնելու, ապա կբախվի այնպիսի խնդրի, ինչպիսին է բոլոր խորհրդարանական ուժերի միավորումն ընդդեմ ՀՀԿ-ի, որի պարագայում ուժերը կբաշխվեն մոտավորապես 50։50, ինչը պատային վիճակի կմատնի ինչպես խորհրդարանին, այնպես էլ կառավարությանը», - գրել է գլխավոր խմբագիրն ու հավելել. - «Չպետք է մոռնանալ, որ ՀՅԴ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի սիրախաղը չէր լինի, եթե ՀՅԴ-ն չստանար Ռոբերտ Քոչարյանի «դաբրոն»։ Այսինքն՝ ՀՀ գործող նախագահը ստանում է ապագա նախագահին յուրահատուկ շանտաժի ենթարկելու հնարավորություն. եթե չի լուծվում իր վարչապետության խնդիրը, ապա ոչ միայն դժվարանում է իշխանական ամբողջ բուրգի աշխատանքը, այլեւ էական խոչընդոտներ են հարուցվում ՀՀԿ-ի թեկնածուի հաղթանակը մեկ փուլով ապահովելու ճանապարհին»։

«Ժամանակ-Երեւան» թերթի տեղեկություններով, «այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ի անդամների թիվը ոչ թե 400, այլ 80 հազար է, նա հայտնվել է ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի «առյուծների հետ անձամբ ծանոթանալու ռեալ սպառալիքի տակ»։ «ԲՀԿ-ականների վերաբերմունքն այնքան անողոք է եղել, որ Արամ Սաֆարյանը անգամ փորձել է հրաժարական տալով քավել իր մեղքը, սակայն «առյուծ արքան» մեծահոգի է գտնվել», - փոխանցել է թերթն ու հավելել. - «Անհասկանալի է, թե այդ դեպքում ով է Սաֆարյանին նման տվյալներ տվել, կամ ով է նրա լեզվից քաշել»։

«Իրավունք» թերթի իրազեկ աղբյուրների պնդմամբ, օրերս հանդիպում է տեղի ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բադասարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի միջեւ». - «Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Արթուր Բաղդասարյանը, առաջադրվելով ՀՀ նախագահի թեկնածու, հատուկ նպատակաուղղված չի աշխատելու նախագահի մյուս թեկնածու Սերժ Սարգսյանի դեմ»։ «Այսպիսով», - արձանագրել է թերթը, - «ՀՀՇ-ՀՅԴ հարաբերությունների անսպասելի ջերմացմանը Սերժ Սարգսյանը պատասխանեց թերեւս կանխատեսելի՝ Արթուր Բաղդասարյանի հետ ձեռքբերված համաձայնությամբ»։

«Չորրորդ իշխանություն» թերթի վերլուծաբանը, թանկացումների պատճառներին անդրադառնալով, հասցեագրել է. - «Երբ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարում է, թե համատարած թանկացումների պատճառներից մեկն էլ Հայաստանի տնտեսական աճն է, իրականում նա ընդամենը հաստատում է, որ Հայաստանի տնտեսությունը հիվանդ է։ Սա նշանակում է, որ եթե նույնիսկ բնակչության եկամուտները «տնտեսական աճի» արդյունքում ավելանում են, միեւնույն է՝ կենսամակարդակը չի աճում, որովհետեւ ամեն ինչ թանկանում է, եւ շարքային քաղաքացու ամենօրյա ծախսերը ավելանում են շատ ավելի բարձր տեմպերով, քան եկամուտները։ Այսինքն՝ տնտեսական աճի արդյունքում ավելի լավ են ապրում միայն խոշոր բիզնեսմենները, իսկ մնացած բոլորի կենսամակարդակն ընկնում է»։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG