Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը չի ակնկալում Ղարաբաղի հարցով համաձայնություն մինչեւ նախագահական ընտրությունները


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ակնկալում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքների շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնություն մինչեւ Հայաստանում հաջորդ տարի անցկացվելիք նախագահական ընտրությունները:

«Բանակցային գործընթացի ներկայիս վիճակի իմ գնահատականն այն է, որ հավանական չէ, որպեսզի մենք սկզբունքների շուրջ համաձայնության գանք մինչեւ նախագահական ընտրությունները», - հայտարարել է Հայաստանի նախագահը երեկ Բրյուսելում Եվրամիության պաշտոնյաների հետ բանակցություններից հետո կայացած` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ համատեղ ասուլիսում:

Միաժամանակ, «Ռոյթերզ» գործակալության վկայությամբ, Ռոբերտ Քոչարյանը ասել է, թե Հայաստանը եւ Ադրբեջանը երկար ճանապարհ են անցել մի շարք հարցերի շուրջ համաձայնություններ ձեռք բերելու ուղղությամբ:

Նախագահը նաեւ հույս է հայտնել, որ Եվրամիությանը անդամակցության հավակնող Թուրքիան առանց նախապայմանների վերջ կտա Հայաստանի շրջափակմանը:

Բարոզուն, իր հերթին, կարեւորել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի վեճերի կարգավորման ուղղությամբ իրական ջանքերի գործադրումը:

Նա վստահեցրել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին եւ պատրաստակամ է սատարել տարածաշրջանի զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG