Մատչելիության հղումներ

Թիվ 106 բանաձեւ. արտասահմանյան մամուլի արձագանքը


«Վաշինգտոն Թայմս»-ը վկայակոչել է Սպիտակ տան խոսնակ Գորդոն Ջոնդրոյին, ով հայտնել է, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի հարցով Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում երեկ կայացած քվեարկության արդյունքները խիստ հիասթափեցրել են նախագահ Ջորջ Բուշին:

«Նախագահը պարզորոշ ասել է, որ բանաձեւի ընդունումը վնաս կհասցնի թուրք - ամերիկյան հարաբերություններին, մենք շարունակելու ենք ընդդիմանալ այդ բանաձեւին», - հայտարարել է խոսնակը:

Բրիտանական «Գարդիան»-ը հաղորդում է, որ ամերիկյան Կոնգրեսը հաշվի չառավ թիվ 106 բանաձեւի վտանգավորության մասին նախագահ Ջորջ Բուշի ուղերձը: Բանաձեւը չընդունելու անհրաժեշտության մասին խոսել էին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, եւ այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը 27 կողմ եւ 21 դեմ քվեներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

«Ինթերնեյշնլ Հերալդ Թրիբյուն»-ը գրում է, որ այդ բանաձեւը պարտադիր ուժ չունի եւ հիմնականում խորհրդանշական է, սակայն ընդունման բացասական հետեւանքները կարող են դուրս գալ թուրք - ամերիկյան հարաբերությունների շրջանակից եւ ազդել Իրաքյան պատերազմի վրա: Թերթը վկայակոչել է «Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ» վերլուծական կենտրոնի նախկին փորձագետ Սեդաթ Լացիներին, ով ասել է, թե Թուրքիայի հասարակությունը բանաձեւի ընդունումը ընկալել է որպես «դավաճանություն եւ քուրդ զինյալների պայքարում ամերիկյան կողմի աջակցության նվազում»:

«Ամերիկացի պաշտոնյաները կարող են մտածել, թե թուրք ժողովուրդն ի վերջո դա կմոռանա, սակայն թուրքերի հիշողությունները դժվար է ջնջել, հատկապես երբ դրանք վերաբերում են իրենց համար այդքան զգայուն հանգամանքներին», - նշել է վերլուծաբանը:

«Վաշինգտոն Փոստ»-ը վկայակոչել է հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթին, ով, ասելով, թե իրեն համարում է Թուրքիայի բարեկամը, հավելել է. - «Սակայն բարեկամները բարեկամներին չեն թույլատրում հանցագործություն կատարել մարդկության դեմ»: Թերթի փոխանցմամբ, դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելն էլ ասել է. - «Ցեղասպանությունը ցեղասպանություն է, հնարավոր չէ «մեղմացուցիչ» տերմին ընտրել»:

«Թրքիշ Դեյլի Նյուս»-ը փոխանցում է կեսգիշերին Գյուլի արած հատուկ հայտարարությունը, որում Թուրքիայի նախագահը դատապարտել եւ «անընդունելի» է որակել կոնգրեսական հանձնաժողովում թիվ 106 բանաձեւի ընդունումը: Թերթը նաեւ տեղեկացնում է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ մի խումբ ցուցարարների բողոքի ակցիայի մասին:

Բաքվում լույս տեսնող «Զերկալո» թերթը «Ամերիկան Մերձավոր Արեւելքում կորցնում է իր գլխավոր դաշնակցին» վերնագրի ներքո գրում է, թե Անկարան կարող է քննարկել Մերձավոր Արեւելքում առանցքային հանգույց հանդիսացող Ինջիրլիքի օդային ռազմակայանում ամերիկյան ուժերի ներկայությունը սահմանափակելու հարցը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG