Մատչելիության հղումներ

Ահազանգ. կրկին ոչնչացվում է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը


«Բարբարոսություն, վանդալիզմ, քարերի ջարդ». - այսպես է բնութագրում Ազատ գետի կիրճում իր տեսածը արշավորդ Մարիամ Սուխուդյանը: Հոկտեմբերի 4-ին նա ականատես է եղել, թե ինչպես են երկու տեղաբնակներ երկաթե ձողերով հատում «Քարերի սիմֆոնիա» անունը ստացած, դեպի կիրճը իջնող ուղղաձիգ քվադրերը:

«Ես տեսա, թե ինչպես էին երկու հոգի երկաթե ձողերով ջարդում այդ հրաշք քարերն ու առանձնացնում, քարե մեծ կույտ էր արդեն գոյացել: Քանի որ այդ տարածքը չի պահպանվում, չի մտնում Խոսրովի արգելոցի տարածքի մեջ, բնության կողմից հղկված այդ բազալտե քվադրերը պարբերաբար ջարդում ու օգտագործում են որպես շինանյութ, անգամ արտահանում են»,- պնդում է Մարիամ Սուխուդյանը:

Գառնիի հեթանոսական տաճարի մոտ, Ազատ գետի կիրճում այս բարբարոսությունը սկսել է դեռեւս 2005 թվականին: Քարերի ոչնչացումը հաջողվել է կանխել ժամանակավորապես: «Արմինֆո»-ի փոխանցմամբ, այն ժամանակ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը խոստացել է քարերի գոտին ներառել Խոսրովի արգելոցի տարածքում, սակայն տեղական իշխանությունները թույլ չէին տվել:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախարարությունը տեղյակ է, սակայն որեւէ լիազորություն չունի այդ տարածքի նկատմամբ, քանի որ «Քարերի սիմֆոնիան» ձեւակերպված չէ իբրեւ բնության հուշարձան, իսկ ձեւակերպման համար անհրաժեշտ է համայնքի համաձայնությունը»:

Այնուամենայնիվ, ակտիվ երիտասարդներն արդեն ինտերնետային ցանցով մեծ արագությամբ տարածել են տեղեկությունը եւ լուսանկարները: Իսկ հոկտեմբերի 15-ին Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց է կազմակերպվելու` «Ընդդեմ Հայաստանի բնամշակութային կոթողները վերացնող վանդալների»:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG