Մատչելիության հղումներ

Կոնգրեսական հանձնաժողովը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը


ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը երեկ հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւին: Նախագծի օգտին քվեարկեցին 27, դեմ` 21 կոնգրեսականներ:

Հանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ջարդերը համարեց պատմական փաստ, սակայն հարց տվեց, թե արդյո՞ք այսօր ժամանակն է, որ այս բանաձեւը ընդունելով` Միացյալ Նահանգները իր արտաքին քաղաքականության հիմքում ունենա նաեւ ցեղասպանությունը ճանաչելու փաստը:

«Եթե այս հարցը զայրացնում է Թուրքիային, եկեք բանաձեւը ընդունելով` հրաժարվենք նրան մշտապես զայրացնելուց», - հայտարարեց Բրեդ Շերմանը:

Կոնգրեսական Քրիսթոֆեր Սմիթի խոսքերով, երբ հայերի դեմ իրականացվում էին ջարդեր, «ցեղասպանություն» տերմինը դեռեւս գոյություն չուներ, սակայն գոյություն ուներ փաստը:

Դեն Բարթոնը հայտարարեց, որ քվեարկելու է բանաձեւի դեմ, քանի որ դրանից կարող են մեծապես տուժել Մերձավոր Արեւելքում ծառայող ամերիկացի զինվորականները:

Ավելի քան երկու ժամ տեւած ելույթներին հաջորդեց քվեարկությունը: Հատկանշական է, որ կողմ քվեարկեց նաեւ հանձնաժողովի նախագահ Թոմ Լանթոսը:

Բանաձեւի` հանձնաժողովի հավանությանն արժանանալը ուղի է հարթում Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի առջեւ` օրինագծի քննարկումը պալատի լիագումար նիստ տեղափոխելու համար: Փելոսին անդամակցում է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին եւ միշտ հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, ով նույնպես ներկա էր երեկվա նիստին, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց. - «Սա պատմական կարեւոր իրադարձություն է եւ կարեւոր ուղերձ ցեղասպանությունը հերքողների եւ ուրիշներին հերքել դրդողների համար: Այն նաեւ ուղերձ է հանձնաժողովում բանաձեւին դեմ քվեարկողներին այն մասին, որ ցեղասպանության հերքում չի հանդուրժվելու»:

Ինչ վերաբերում է նախորդ գումարման` 109-րդ Կոնգրեսի նույն հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի` ավելի մեծ թվով ձայներ հավաքելու փաստին, Բրայան Արդունին ասաց, որ այս անգամ շատ ավելի ուժեղ էր հակառակ կողմի լոբբինգի ազդեցությունը. այն ժամանակ հանդես չէր եկել ԱՄՆ-ի նախագահը, չկար նախկին պետքարտուղարների նամակ, եւ այդ գործոնները հաշվի առնելով` կարելի է համարել, որ «այս քվեարկությունը ուժեղ քվեարկություն էր»:

Հանձնաժողովի նիստից մի քանի ժամ առաջ հայտարարություններով էին հանդես եկել Ջորջ Բուշը եւ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Բուշը հորդորել էր չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը` ասելով, թե դա կվնասի առանցքային դաշնակից Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների հարաբերություններին:

Բրայան Արդունին կարծիք հայտնեց, որ մինչեւ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում հարցի քննարկումը թուրքական կողմը է’լ ավելի կուժեղացնի իր լոբբին: Սակայն նա հուսով է, որ «բոլորիս ջանքերով այն կընդունվի նաեւ լիագումար նիստում»:

Կա հավանականություն, որ պալատի լիագումար նիստում հարցը քվեարկության կդրվի մինչեւ Գոհաբանության օրը` նոյեմբերի 22-ը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG