Մատչելիության հղումներ

Նախագահ Բուշը հորդորում է Կոնգրեսի հանձնաժողովի անդամներին չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը այսօր` Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նիստից մի քանի ժամ առաջ, ելույթ ունենալով Վաշինգտոնում, հորդորել է հանձնաժողովի անդամ կոնգրեսականներին չընդունել Հայող ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը` ասելով, թե դա «կվնասի առանցքային դաշնակից Թուրքիայի հետ հարաբերություններին»:

«Ես հորդորում եմ [հանձնաժողովի] անդամներին ընդդիմանալ Հայոց ցեղասպանության բանաձեւին, որն այժմ քննարկվում է Արտաքին գործերի հանձնաժողովում», - ասել է նա` շարունակելով. - «Դրա ընդունումը կարող է մեծ վնաս հասցնել ՆԱՏՕ-ում եւ ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմում մեր առանցքային դաշնակցի հետ հարաբերություններին»:

ԱՄՆ֊-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը «շատ խնդրահարույց» կլինի Թուրքիայի հետ հարաբերությունների եւ Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու հարցում:

Նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպելուց հետո Ռայսը կարծիք է հայտնել, որ «բանաձեւը շատ ապակայունացնող ազդեցություն կունենա Իրաքում եւ Աֆղանստանում գործադրվող մեր ջանքերի վրա»:

«Բանաձեւի ընդունումն այս պահին իսկապես շատ խնդրահարույց կլինի այն ամենի համար, ինչ մենք փորձում ենք անել Մերձավոր Արեւելքում, որովհետեւ մենք շատ ենք կախված Թուրքիայից՝ մեր լավ ռազմավարական դաշնակցից»,֊ - ասել է պետքարտուղարը:

Միաժամանակ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որը Ռայսի հետ միասին հանդիպել է Ջորջ Բուշին, փաստել է. - «Զինվորականները համոզված են, որ օդակայանների եւ ճանապարհների մատչելիությունը ռիսկի տակ կհայտնվի, եթե այս բանաձեւն անցնի, եւ թուրքերը այնքան կոշտ կարձագանքեն, որքան մենք համոզված ենք, որ նրանք կանեն»:

«Եվ թուրքերից մեր ծանր կախվածության պատճառով է, որ զինվորականությունը բարձրացնում է այս հարցը եւ որ մենք այդքան մտահոգված ենք այս բանաձեւի առիթով», ֊- ասել է Պենտագոնի ղեկավարը:

Կոնգրեսական Ադամ Շիֆը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում երեկ հույս է հայտնել, որ բանաձեւը կընդունվի ոչ միայն Ներկայացուցիչների տան արտաքին գործերի հանձնաժողովում, այլեւ` լիագումար նիստում:

Հանձնաժողովը բանաձեւի քննարկումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 22:30-ին:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG