Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Միջավայրը Հայաստանում բիզնես ծավալելու առումով բարենպաստ է»


«Միջավայրը Հայաստանում բիզնես ծավալելու առումով բարենպաստ է», - հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` երեկ ելույթ ունենալով Բրյուսելում անցկացվող հայ - բելգիական գործարար համաժողովում:

«Ես 10 տարի է նախագահ եմ, եւ այս տարիների ընթացքում չի եղել մեկ դեպք, որ որեւէ մի արտասահմանյան ընկերություն ձախողված լիներ Հայաստանում եւ կորուստներ ունենար Հայաստանում», - ասել է նախագահը` հավելելով. - «Եվ եթե նույնիսկ վաճառել են, վաճառել են այնպիսի մարժաներով, որ ուղղակի փայլուն արդյունքներ ունեն եւ բոլորը գոհ են»:

Համաժողովն անցկացվել է Cercle de Lorraine թագավորական ակումբում: Այն բելգիական բարձրաշխարհիկ գործարար ակումբ է եւ համախմբում է ֆինանսական շրջանակների ականավոր ներկայացուցիչներին:

Ռոբերտ Քոչարյանը եռօրյա աշխատանքային այցով Բելգիա է մեկնել երեկ:

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի եւ խորհրդարանի նախագահ Հերման վան Ռոմպայի, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Լուիշ Մանուել Բարոզուի, Եվրամիության գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների եւ Եվրամիության այլ պաշտոնյաների հետ:

Հայաստանի նախագահն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս Պոտերինգի հետ:

Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի նաեւ բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, Բելգիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցը, այլ պաշտոնյաներ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG