Մատչելիության հղումներ

Թուրքիան թիվ 106 բանաձեւի ընդունումը կասեցնելու վերջին ճիգերն է գործադրում


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի ընդունումը կանխելու նպատակով Վաշինգտոնում է թուրք խորհրդարանականների պատվիրակությունը, որը երեկ հանդիպումներ է ունեցել հանձնաժողովի անդամների հետ:

«Ես փորձեցի օրենսդիրներին զգուշացնել` չգործել պատմական սխալ», - հանդիպումներից հետո հայտնել է թուրքական պատվիրակության ներկայացուցիչ, արտաքին քաղաքականության հարցերով վարչապետ Ռեջեփ Էրդողանի խորհրդական Էղեմեն Բաղիշը:

«Չմոռանանք, որ Իրաքում տեղակայված ձեր զորքերի մատակարարումների 75 տոկոսը անցնում է Թուրքիայով», - ասել է Բաղիշը:

Թուրքական կողմը Հայոց ցեղասպանության բանաձեւի համատեքստում սկսել է արծարծել նաեւ Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների դեմ զինված գործողությունների նպատակով հյուսիսային Իրաք ներխուժելու հարցը` անկախ դրան Միացյալ Նահանգների ընդդիմանալուց:

Էղեմեն Բաղիշը, մասնավորապես, հայտարարել է, թե բանաձեւի ընդունումը կբարդացնի Միացյալ Նահանգների հետ իր կառավարության սերտ համագործակցությունը եւ վերջին շաբաթներին թուրք զինվորների վրա հարձակումներ գործող քուրդ ապստամբներին հակահարված տալու կոչերին դիմակայելը:

Համանման նախազգուշացմամբ է հանդես եկել նաեւ Անկարայի մերձավորարեւելյան տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Իհսան Դաղին, ով ասել է. - «Եթե Հայոց ցեղասպանության բանաձեւը ընդունվի, կարծում եմ, անդրսահմանային գործողության հավանականությունը շատ բարձր կլինի»:

Երեկ Թուրքիայում բնակվող ԱՄՆ-ի քաղաքացիներին ուղղված նախազգուշացմամբ է հանդես եկել Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանությունը` մասնավորապես, հայտարարելով. - «Եթե, անկախ բանաձեւի դեմ վարչակազմի գործադրած ջանքերից, այն ընդունվի հանձնաժողովում եւ փոխանցվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին` քննարկման եւ հնարավոր քվեարկության համար, կարող է լինել հակազդեցություն` ցույցերի եւ հակաամերիկյան այլ դրսեւորումների ձեւով ողջ Թուրքիայի տարածքում»:

Այդուհանդերձ, «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին երեքշաբթի օրը նամակ է հղել Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Թոմ Լանթոսին եւ հանրապետականների խմբակցության ազդեցիկ անդամ Իլեանա Ռոս-Լեհթինենին, որում նրանց աջակցությունն է հայցում Հայոց ցեղասպանության բանաձեւին:

«Մենք եզակի հնարավորություն ունենք այս Կոնգրեսում, քանի դեռ կան մեր մեջ ապրող` Հայոց ցեղասպանությունից փրկվածներ, վերջնականապես եւ միանշանակորեն վերահաստատել պատմության այդ փաստը», - ասված է Բրայան Արդունիի նամակում:

GlobalHye ինտերնետային կայքը, մինչդեռ, իր հավաստի աղբյուրներից տեղեկացել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը երեքշաբթի երեկոյան անձամբ զանգահարել է արտաքին գործերի հանձնաժողովի բոլոր հանրապետական անդամներին` խնդրելով նրանց դեմ քվեարկել բանաձեւին:

Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը քննարկելու է այսօր: Մեծ է հավանականությունը, որ հանձնաժողովը հավանություն կտա բանաձեւին, ինչից հետո խոսնակ Նենսի Փելոսին որոշելու է օրինագիծը պալատի լիագումար նիստում քվեարկության դնելու հարցը:

Նախատեսվում է, որ կոնգրեսական հանձնաժողովի այսօրվա նիստի բացմանը ներկա կլինի նաեւ հովվապետական այցով Միացյալ Նահանգներում գտնվող Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG