Մատչելիության հղումներ

Վիլնյուսում աշխատանքներն է սկսում էներգետիկ անվտանգության հարցերով համաժողովը


Այսօր Վիլնյուսում մեկնարկում է «Էներգետիկ անվտանգություն - 2007» երկօրյա համաժողովը, որին կմասնակցեն Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին եւ հետխորհրդային տարածքի չորս պետությունների` Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Lիտվայի նախագահները:

Հրավիրված էր նաեւ Ղազախստանի նախագահը, սակայն Նուրսուլթան Նազարբաեւի փոխարեն Ռուսաստանը շրջանցող խողովակաշարերի կառուցման թեման Վիլնյուսում կքննարկի Ղազախստանի էներգետիկայի նախարարը:

Եվրոպական էներգետիկ խնդիրները պետությունների ղեկավարները կքննարկեն այսօր մեկնարկող «կլոր սեղանի» ընթացքում: Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, Իլհամ Ալիեւն այդ քննարկման ընթացքում հանդես է գալու առանձին ելույթով:

Այսօր երեկոյան հինգ պետությունների ղեկավարները հանդես կգան համատեղ ասուլիսով, ինչից հետո համաժողովը կանցնի փորձագիտական քննարկումների փուլին:

Համաժողովի ընթացքում կնքվելու են նաեւ կոնկրետ համաձայնագրեր: Մասնավորապես, Lեհաստանը եւ Ուկրաինան այսօր արդեն պայմանագիր կստորագրեն Օդեսա - Բրոդի - Պլոցկ նավթամուղի կառուցման մասին: Երկու երկրները հույս ունեն, որ էներգետիկ այս նոր նախագիծը հետագայում հնարավորություն կստեղծի եվրոպական շուկա արտահանել ադրբեջանական եւ միջինասիական նավթը:

Lիտվայի մայրաքաղաք ժամանած տասնյակ վերլուծաբանների թվում զեկույցով է հանդես գալու նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա ելույթի թեման է «Եվրասիական անվտանգություն. աշխարհաքաղաքականություն եւ գազի արտահանման ուղիների բազմազանությունը»:

Բրայզան ժամանել է կնոջ` Հադսոնի ինստիտուտի փորձագետ, Եվրասիական քաղաքականության ամերիկյան կենտրոնի տնօրեն Զեյնո Բարանի հետ, ով նույնպես վիլնյուսյան քննարկումների ակտիվ մասնակիցն է լինելու:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG