Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Աղազարյան. «Ալեքսանդր Արզումանյանին իմ ուղարկած բոլոր գումարները օրինական ծագում ունեն»


«Գումարները, որ ես ուղարկել եմ Ալեքսանդր Արզումանյանին, բոլորը ունեն օրինական ծագում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում երեկ հայտարարեց մոսկվաբնակ հայազգի գործարար Ալեքսանդր Աղազարյանը:

Աղազարյանն էր Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին գումար ուղարկել, իսկ վերջինս մեղադրվում է փողերի լվացման մեջ:

Հայաստանի գլխավոր դատախազության խնդրանքով Ռուսաստանի դատախազությունն ուսումնասիրում է Ալեքսանդր Աղազարյանի ֆինանսական գործերը` թե որքանո՞վ է նա կատարում իր հարկային պարտավորությունները, եւ արդյոք նրա եկամուտները օրինակա՞ն ճանապարհով են ձեռք բերվել:

Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան, երեքշաբթի օրը Երեւանում պատասխանելով Աղազարյանի գործի վերաբերյալ լրագրողների հարցին, ասել էր. - «Գործը նախաքննության փուլում է, եւ ավարտից հետո արդյունքների մասին կտեղեկացնենք կողմերին»:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հավելել էր, որ առաջիկա օրերի ընթացքում մանրամասն տեղեկություններ կստացվեն եւ թույլատրելիության սահմաններում կփոխանցվեն լրատվամիջոցներին ու հասարակությանը:

Ալեքսանդր Աղազարյանը հաստատեց, որ Ռուսաստանի դատախազության աշխատակիցներն իր հետ զրուցել են. - «Իհարկե, ինձ կանչել են եւ ինձ հետ զրույցներ են ունեցել: Հետաքննության շրջանակներում ես պատասխանել եմ հարցերին, որոնք իրենց հետաքրքրել են»:

Հայազգի գործարարը Ռուսաստանի իրավապահներին հայտնել է եւ երեկ կրկին պնդեց. - «Հարկերը իմ կողմից բոլորը մուծված են, եւ գումարները, որ ես ուղարկել եմ Ալեքսանդր Արզումանյանին, բոլորը ունեն օրինական ծագում: Իսկ ի՞նչ ընթացքում է դատախազության հետաքննությունը` ես, ճիշտն ասած, չգիտեմ, որովհետեւ ինձ այդ մասին չեն զեկուցում եւ ինձ այդ թեմայով չեն անհանգստացնում»:

Ալեքսանդր Աղազարյանի կարծիքով, պարզապես «հայկական դատախազությունը լուրջ նյութեր չունի այս գործը շարունակելու համար եւ դիմել է ռուսական դատախազությանը, որպեսզի նրանք կարողանան գտնել ինչ-որ կեղտոտ բաներ իմ նկատմամբ, բայց դա հնարավոր չէ, որովհետեւ Ռուսաստանում, համենայն դեպս, գործում է օրենքը, եւ, ինձ թվում է, ոչ մի պատվեր չեն կարող կատարել»:

Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ «ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայաստանում որեւէ քննչական գործողություն չեն կատարում եւ, բնականաբար, չպետք է կատարեն, որովհետեւ այն քննչական գործողություններով, որոնք կատարվել են, այլեւս հերքվել է ոչ միայն քրեական գործի հարուցման հիմնավորվածությունը, այլեւ Ալեքսանդր Արզումանյանին մեղադրանք առաջադրելը»:

Նա կարծիք հայտնեց, որ «մոտ ժամանակներս, միանշանակ, նախաքննական մարմինը պարտավոր է քրեական հետապնդումը Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ դադարեցնել եւ խափանման միջոցը վերացնել»:

Ընդ որում, փաստաբանի համոզմամբ, դա տեղի կունենա մինչեւ նախագահական ընտրությունները:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG