Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը Եվրամիությանը կոչ է անում ավելի մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա


Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Եվրախորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նիստում երեկ ունեցած ելույթում Եվրամիությանը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը բացի Հայաստանի հետ սահմանը, եւ ընդգծել է, որ պաշտոնական Երեւանը որեւէ նախապայման չունի Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

Ընդունելով հանդերձ, որ երկու երկրների հարաբերություններում գոյություն ունեն չկարգավորված հարցեր, Օսկանյանը միաժամանակ շեշտել է երկխոսությունը խոչընդոտելու անթույլատրելիությունը:

Հայաստանի արտգործնախարարը կոչ է արել Եվրախորհրդարանի հանձնաժողովին Թուրքիայի վրա ավելի մեծ ճնշում գործադրել, որպեսզի այդ երկիրը երկխոսություն սկսի Հայաստանի հետ: Նա ընդգծել է, որ շրջափակված Հայաստանը հատկապես շահագրգռված է, որպեսզի Թուրքիան բացի 1990-ականներից ի վեր փակ պահվող սահմանը:

«Սահմանների բացումը միայն Հայաստանի համար չէ կարեւոր, դա կարեւոր է նաեւ Եվրամիության համար, որովհետեւ Թուրքիան բնական կամուրջ է Կովկասի եւ Եվրոպայի, Եվրամիության միջեւ, եւ առանց մեր տարածաշրջանի նկատմամբ Թուրքիայի հավասարակշիռ եւ անաչառ քաղաքականության մեր հարաբերությունները այնքան արդյունավետ չեն, որքան դրանք կարող էին լինել Թուրքիայի եւ Հայաստանի բնականոն հարաբերությունների պայմաններում», - հայտարարել է Վարդան Օսկանյանը:

Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ահթո Լոբիակասի փոխանցմամբ, Հայաստանի արտգործնախարարի ելույթը որոշակի ըմբռնում է գտել ներկա խորհրդարանականների շրջանում:

Հարավային Կովկասի հարցերով Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահ Մարի Էն Իսլեր Բեգինը, մասնավորապես, հայտարարել է, որ Եվրամիությունը բավարար ճնշում չի գործադրում Թուրքիայի վրա այդ երկրի անդամակցության բանակցությունների գործընթացում:

Իսլեր Բեգինը շեշտել է, որ սահմանների բացումը մեծապես շահավետ կլինի երկու կողմերի համար էլ:

Եվրախորհրդարանը նախատեսում է այս հարցի շուրջ լսումներ անցկացնել նոյեմբերի սկզբին, երբ կհրապարակվեն նաեւ շրջափակման հետեւանքներին վերաբերող ուսումնասիրությունների արդյունքները:

Օսկանյանը քննադատել է Եվրամիությանը այս խնդրի շուրջ ցուցաբերած «չեզոքության» համար: Նա ասել է, որ այդ դիրքորոշումը հասկանալի է, սակայն «տեղին չէ»:

Նա հայտարարել է, որ եթե Հայաստանը նախապայմաններ չունի երկու երկրների միջեւ հարաբերությունների սերտացման հարցում, ապա Թուրքիան ունի: Նախարարը հերքել է պաշտոնական Անկարայի մտահոգությունը, թե Հայաստանը տարածքային պահանջներ ունի իր նկատմամբ, ասելով, որ երկու երկրների միջեւ սահմանը «պարզորոշ նշված է» եւ համապատասխանում է 1922 թվականին Թուրքիայի եւ Խորհրդային Միության միջեւ կնքված պայմանագրով հաստատված սահմաններին:

Օսկանյանն ընդգծել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով հայ - ադրբեջանական հակամարտությունում Թուրքիան ներգրավված չէ, եւ պաշտոնական Անկարան այն չպետք է դիտարկի երկկողմ հարաբերությունների համատեքստում:

Նա նաեւ «բացարձակապես անպատեհ» է համարել Lեռնային Ղարաբաղի խնդիրը ՄԱԿ-ի շրջանակներում քննարկելու` Ադրբեջանի առաջարկը, հայտարարելով, որ Հայաստանի կարծիքով, ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը հակամարտության կարգավորման բանակցությունների միակ պատշաճ տեղն է:

Օսկանյանը ասել է, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում բանակցությունները կարգավորման լուրջ հեռանկարներ են բացահայտել, նշելով, որ հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքներին» վերաբերող երեք էջանոց փաստաթղթում ընդամենը չորս հարց է մնում չհամաձայնեցված: Նշելով, որ երկու երկրների ղեկավարները առայժմ չեն կարողացել փոխհամաձայնության գալ այդ չորս հարցերի շուրջ, նախարարը հույս է հայտնել, որ տարաձայնությունները կարող են հաղթահարվել մինչեւ 2008 թվականի փետրվարին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG