Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլը զգուշացնում է Ջորջ Բուշին


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշին` զգուշացնելով, որ թուրք - ամերիկյան երկկողմ հարաբերությունները կվնասվեն, եթե Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը պաշտպանի 1915-1917 թվականների Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Այդ մասին հաղորդում են «Ռոյթերզ» եւ «Ֆրանսպրես» գործակալությունները:

«Թրքիշ դեյլի նյուս»-ի փոխանցմամբ, իր ամերիկացի պաշտոնակից Ռոբերտ Գեյթսին երեկ նամակ է հղել Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը` զգուշացնելով այն հնարավոր հետեւանքների մասին, որոնց կարող է հանգեցնել Կոնգրեսի ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի ընդունումը: Գյոնուլը նամակում ասել է, թե բանաձեւի ընդունվելու դեպքում դժվար կլինի վերահսկել Թուրքիայի հանրության ռեակցիան:

Ակնկալվում է, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը վաղը հավանություն կտա բանաձեւին, ինչից հետո խոսնակ Նենսի Փելոսին որոշելու է օրինագիծը պալատի լիագումար նիստում քվեարկության դնելու հարցը:

Բուշի վարչակազմը դեմ է բանաձեւի ընդունմանը, սակայն ներկայումս Կոնգրեսում մեծամասնություն են կազմում դեմոկրատները:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG