Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհրդի հանձնակատարի այցի օրակարգում է մարդու իրավունքներին առնչվող խնդիրների ամբողջ շրջանակը


Երեկ Հայաստան ժամանած Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հնգօրյա այցի օրակարգում է երկրում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների ամբողջ շրջանակը:

Մասնավորապես, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց հանձնակատարը, ուսումնասիրվելու է դատական համակարգը` թե ի՞նչ աստիճանի են կոռուպցիոն ռիսկերն այս ոլորտում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրանք կանխելու ուղղությամբ: Ուշադրության կենտրոնում են նաեւ խոսքի ազատությանը, սոցիալական, տնտեսական, խոցելի խմբերի իրավունքներին, թրաֆիքինգին վերաբերող հարցերը:

«Նախնական տեղեկություններ, իհարկե, ունեինք, ծանոթացել էի տարբեր զեկույցների, բայց ավելի հստակ կարծիք ունենալու համար անհրաժեշտ էր անձամբ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին»,֊ - ասաց հանձնակատարը:

Թոմաս Համարբերգը նշեց, որ նման առաքելություն իրականացվում է Եվրախորհրդի անդամ բոլոր երկրներում: Ամփոփիչ զեկույցը Եվրախորհրդի նախարարների խորհրդին է ներկայացվելու ոչ ուշ, քան երեք ամիս անց:

Բացի մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի գնահատականից` նաեւ տեղեկություններ են հավաքվելու, թե կոնկրետ երկրում ի՞նչ լուծումներ են գտել այս կամ այն խնդիրը կարգավորելու ուղղությամբ:

Հայաստանի իշխանություններին առաջարկվելու է նաեւ գործողությունների ծրագիր մշակել` զեկույցում ներկայացված առաջարկները կատարելու եւ առկա թերությունները շտկելու համար:

Երեք ամիս անց Համարբերգը կրկին կգա Հայաստան` խնդրի շուրջ լրացուցիչ քննարկումներ անցկացնելու նպատակով:

Հանձնակատարի հիմնական այցելություններն ու հանդիպումները տեղի են ունենալու Երեւանում եւ Գյումրիում: Ինչպես պարզաբանեց Թոմաս Համարբերգը, «պարզապես անհրաժեշտ էր մայրաքաղաքից բացի այլ համայնքներում էլ ծանոթանալ իրավիճակին, որովհետեւ հաճախ պատկերը խիստ տարբեր է լինում»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG