Մատչելիության հղումներ

Վրաստանում` սահմանադրական միապետությո՞ւն


Սուրբ Երրորդություն մայր տաճարում կիրակնօրյա պատարագ մատուցելուց հետո Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը ավանդական քարոզ է կարդացել եւ խոսել երկրի ապագա կառավարման կարգի մասին:

«Վերջին շրջանում մեր հասարակությունում վիճում են, թե մեր երկիրն ո՞ւմ հետ պետք է բարեկամություն անի, ինչպիսի՞ն պետք է լինի երկրի պետական կարգը: Երբեմն որոշ երկրներ փորձում են մեզ թելադրել, թե ինչպես պետք է զարգանանք, սակայն այս եւ այլ հարցերը պետք է մեր ժողովուրդը լուծի», - ասել է Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդը եւ հավելել. - «Վրաստանի ժողովուրդն արդեն 200 տարի երազում է Բագրատիոնիների հնագույն հարստության կառավարումը վերականգնելու մասին»:

Բագրատիոնիների կառավարումն ավարտվել է 1801 թվականին, երբ Արեւելյան Վրաստանը Ռուսական կայսրության մաս է կազմել:

«Բագրատիոնիների կառավարումը վերականգնելու համար երկիրն ու ժողովուրդը պետք է հանգամանորեն պատրաստվեն, հարկ է մանկուց դաստիարակել այդ հարստության արժանի ներկայացուցչին, որ նա պատրաստ լինի թագավորել սահմանադրական միապետության վերականգնման դեպքում», - ասել է Իլիա Երկրորդն ու ընդգծել. - «Դա կնշանակի, որ միապետը թագավորում է, այլ ոչ թե կառավարում: Թագավորը կլինի Վրաստանի միասնության եւ բոլոր քաղաքացիների պաշտպանության երաշխավորը, հիմա կան այդ երազանքի իրականացման նախադրյալները, դա կնպաստի Վրաստանում անդորրի վերականգնմանը եւ երկրի միասնությանը»:

Վրաստանի քաղաքական շրջանակներն արդեն արձագանքում են երկրի հոգեւոր առաջնորդի կիրակնօրյա քարոզին: Ընդդիմությունն ընդհանուր առմամբ ողջունելի է համարում առաջարկը: «Նոր աջեր» կուսակցության ղեկավար Դավիդ Գամկրելիձեն ասել է, որ սահմանադրական միապետությունը կլինի ազատ եւ անկախ երկրի երաշխավորը:

Իշխանական ճամբարից կարծիք է հայտնել խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն: «Պատրիարքն ինձ համար բարձրագույն հեղինակություն է, անհրաժեշտ է ամենայն լրջությամբ քննարկել նրա բոլոր գաղափարներն ու առաջարկները», - ասել է Բուրջանաձեն` հավելելով, որ խորհրդարանը պատրաստ է այդ հարցի քննարկմանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG