Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, «Ազգ» թերթին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի ապագա նախագահը, ընդգծել է. - «Պարտադիր պայման է, որպեսզի հանրապետության հաջորդ ղեկավարը վայելի բնակչության մեծամասնության անվերապահ աջակցությունը, լեգիտիմ լինի ինչպես Հայաստանի հասարակայնության, այնպես էլ սփյուռքահայության եւ միջազգային ընկերակցության համար, որպեսզի հանրապետությանն առնչվող անչափ սուր խնդիրների քննարկման ժամանակ նա զգա սեփական ժողովրդի աջակցությունը, եւ դա գիտակցեն բանակցություններում նրա գործընկերները։ Եվ, իհարկե, չափազանց կարեւոր նշանակություն կունենան նրա առաջնորդական հատկանիշները, ինչպես ներքին ուժերը, այնպես էլ միջազգային քաղաքական ու ֆինանսական ռեսուրսները հանրապետության կենսական խնդիրների լուծմանը ծառայեցնելու նրա կարողությունը»։

«Տարեգիր»-ը, «Նախընտրական զուգահեռներ» վերնագրի տակ անդրադառնալով հարցին, թե արդյոք լուրջ տարաձայնություններ կա՞ն Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի միջեւ, շեշտադրել է. - «Ո՞վ կարող է անվերապահ պնդել, թե նրանք համաձայնեցված չեն գործում։ Նրանք ընդունակ են անգամ հրապարակավ քննադատել միմյանց, եթե վաղօրոք պայմանավորվեն, որ դա օգուտ բերի իրենց բռնած գործին»։ «Հետեւաբար, չի կարելի բացառել, որ նրանք արդեն իսկ տարբերակներ են մշակել, թե որ դեպքում ով ինչ է անելու», - եզրակացրել է թերթը:

«Հայք»-ը, արձանագրելով հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի միջեւ երեկ երեկոյան կայացած հանդիպման փաստը, գնահատել է. - «Սա անչափ կարեւոր իրադարձություն է հանրապետության ներքաղաքական կյանքում եւ կարող է վճռորոշ նշանակություն ունենալ ընդդիմության համախմբման գործում, եթե, իհարկե, կայանա Երրորդ հանրապետության հիմնադրման առանցքային երկու գործիչների փոխըմբռնումը, եթե իրենց համախոհների աջակցությամբ նրանք կարողանան հարթել տեւական ժամանակի ընթացքում խորացած տարաձայնությունները»։

«Առավոտ»-ը, անդրադառնալով Երեւանում տիրող շինարարական «մեծ քաոսին», գրում է. - «Հայտնի է, որ Հայաստանում ամեն ինչ, հաճախ ոչ առանց հիմքի, քաղաքականացվում է: Օրինակ, բարերար Քրքորյանի փողերով վերականգնված մայթերն ու «բորդյուրները» ժամանակին Ռոբերտ Քոչարյանը գրանցեց իր քաղաքական «ակտիվում», թեեւ այդ մայթերից շատերը հետագայում կամ անորակության պատճառով շարքից դուրս եկան, կամ էլ անցուղիների կառուցման համար նորից քանդվեցին»: «Կարծիքներ կան, որ այժմ էլ Քոչարյանը, թեկուզ մեծ անհարմարությունների գնով, ցանկանում է մինչ պաշտոնաթող լինելը Երեւանի բոլորի հիմնական փողոցները բարեկարգել ու այդպիսով, իբր, բարի անուն թողնել երեւանցիների շրջանում», - նշում է թերթը` ամփոփելով. - «Եթե իրոք այդպես է, ապա նա պետք է շատ շտապի, հակառակ դեպքում «շինարարի» դափնիները բոլորովին այլ մարդու բաժին կհասնեն»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, պնդելով, որ առաջիկայում սպառողական գներն է'լ ավելի կաճեն, նկատել է. - «Եթե երկիրը սահմանադրորեն որդեգրում է ազատական տնտեսությունը, կարող է ապահովել գների կայունություն»։ «Մեզանում, սակայն, գների կայունության պահպանումը իրականացվում է զուտ մեխանիկական ձեւով», - շեշտել է մեկնաբանը եւ դիտարկել. - «Եթե միջազգային գինը աճում է, դրամը արժեւորում ես, խանութում դրամով արտահայտված գինը չի փոխվում, ու բացի այդ, առնվազն չեն նվազում ներկրման «դաբրո» ունեցող գործարարների շահույթները»։ «Բայց այսպես գործելու ռեսուրսը խիստ սահմանափակ է։ Եվ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ ռեսուրսն այլեւս սպառման եզրին է. ապրանքները թանկանում են ոչ միայն դոլարով, այլեւ՝ դրամով։ Թե ինչպես են գների կայունությունը ապահովելու այսուհետ, դժվար է ասել», - եզրափակել է մեկնաբանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG