Մատչելիության հղումներ

logo-print

Հակոբ Ղազանչյանը ընտրվեց Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ


Երկուշաբթի օրը կայացավ Հայաստանի Թատերական գործիչների միության 12-րդ համագումարը, որտեղ միության նոր նախագահ ընտրվեց Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Արմմոնո» փառատոնի հիմնադիր նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Միության արդեն նախկին երկարամյա նախագահ Երվանդ Ղազանչյանի որդին խոստացավ «որակապես փոխել» Թատերական գործիչների միությունը` վերածելով այն «բոլորովին նոր, արդյունավետ աշխատող կառույցի»:

Համագումարին մասնակցում էին 90 պատվիրակ (120 պատվիրակներից): Ներկա չէին Վարդուհի Վարդերեսյանը, Սոս Սարգսյանը եւ միության այլ անդամներ, ովքեր անցած համագումարում հանդես էին եկել նախագահի գործունեության խիստ քննադատությամբ` պահանջելով Երվանդ Ղազանչյանի հրաժարականը, եւ համագումարից հետո ստեղծել էին մեկ այլ թատերական ընկերակցություն` Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ:

Համագումարում նախագահի թեկնածու առաջադրվեցին Հակոբ Ղազանչյանը, Արմեն Խանդիկյանը (Երեւանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար) եւ Արմեն Էլբակյանը («Էդգար Էլբակյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար): Խանդիկյանն ու Էլբակյանը հանդես եկան իրենց թեկնածությունները հանելու հայտարարություններով, ինչից հետո պատվիրակները բաց քվեարկությամբ միության նոր նախագահ միաձայն ընտրեցին Հակոբ Ղազանչյանին:

«Ես չեմ թաքցնում, որ Հակոբ Ղազանչյանը նաեւ իմ թեկնածուն էր», - քվեարկությունից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց թատերագիր, Հայաստանի մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը:

Երեւանի դրամատիկական թատրոնի առաջատար դերասան Արթուր Ութմազյանը միության նորընտիր նախագահի մասին ասաց. - «Հակոբը իր վերջին 10 տարվա գործունեության ընթացքում ապացուցել է, որ կարողանում է կազմակերպիչ լինել: Իսկ, իմ կարծիքով, Թատերական գործիչների միության նախագահը առաջին հերթին պիտի կազմակերպիչ լինի»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG