Մատչելիության հղումներ

Դենիել Ֆրիդ. «Թիվ 106 բանաձեւը լուրջ վնաս կհասցնի ԱՄՆ - Թուրքիա հարաբերություններին եւ Միացյալ Նահանգների շահերին»


«Վարչակազմը դեմ է Ներկայացուցիչների պալատի թիվ 106 բանաձեւին, եւ մենք կարծում ենք, որ այն լուրջ վնաս կհասցնի ինչպես ԱՄՆ - Թուրքիա հարաբերություններին, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերին», - անցած շաբաթավերջին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի հնարավոր ընդունմանը Թուրքիայի ակնկալվող արձագանքի վերաբերյալ հարցին ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը պատասխանել է. - «Չեմ ցանկանում քննարկել Թուրքիայի հնարավոր արձագանքը մի օրինագծի վերաբերյալ, որը, հուսով եմ, չի ընդունվի, բայց իրականությունն այն է, որ Թուրքիայի արձագանքը ծայրաստիճան ուժեղ կլինի: Այն ուժեղ է եղել, երբ նախկինում նման բանաձեւեր են ընդունվել: Եվ մենք պետք է լավ խորհենք, թե որքանո՞վ են մեր [Իրաքում տեղակայված] զորքերը եւ Իրաքի տնտեսությունը կախված Թուրքիայից եւ Թուրքիայով փոխադրվող բեռներից»:

Բանաձեւը, Ֆրիդի կարծիքով, «ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ, այն չի նպաստի թուրք - հայկական հաշտեցման առաջխաղացմանը»:

Նա հիշեցրել է, որ օրինագծի ընդունմանը դեմ են հանդես եկել նաեւ Միացյալ Նահանգների ութ նախկին պետքարտուղարներ, որոնք այդ մասին գրել են Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:

«Ոչ ոք` ո’չ նախկին պետքարտուղարները, ո’չ վարչակազմը, չի հերքում Օսմանյան կայսրության վերջին տարիներին` 1915 թվականին եւ դրանից հետո անմեղ հայերի զանգվածային ջարդերի եւ բռնի տեղահանության ահավոր եւ աններելի ողբերգությունը: Դրանք պատմական փաստեր են: Ավելի քան մեկեւկես միլիոն մարդ է սպանվել կամ տեղահանվել», - հայտարարել է Ֆրիդը: - «Միացյալ Նահանգները ճանաչել է դա: Նախագահ Բուշը, ինչպես եւ նախագահ Քլինթոնը նրանից առաջ, պաշտոնապես ճանաչել է դա ապրիլի 24-ին` Հայկական հիշատակի օրվան նվիրված իր ամենամյա ուղերձներում: Հետեւաբար, վարչակազմը չի հերքում որեւէ բան: Մենք չենք հերքում որեւէ բան: Սակայն մենք չենք գտնում, թե այս օրինագիծը առաջ կմղի պատմական ճշմարտությունը, թուրք - հայկական հաշտեցումը կամ էլ Միացյալ Նահանգների շահերը, եւ դեմ ենք դրան»:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկումը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում նախատեսված է հոկտեմբերի 10-ին:

Ակնկալվում է, որ այն կընդունվի ինչպես հանձնաժողովում, այնպես էլ ամերիկյան Կոնգրեսի ստորին պալատի լիագումար նիստում, քանի որ օրինագծի օգտին քվեարկելու պատրաստակամություն են հայտնել 226 կոնգրեսականներ` Ներկայացուցիչների պալատի անդամների կեսից ավելին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG