Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Ռումինիայի պաշտպանության նախարարը


Վաղը եռօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի գլխավորած պատվիրակությունը:

Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում պատվիրակությանը կդիմավորեն Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, պաշտպանության նախարարության եւ Հայաստանի զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի այլ ներկայացուցիչներ:

Չորեքշաբթի օրը ռումինական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սեյրան Օհանյանի, Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի հետ, կայցելի Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, հինգշաբթի օրը Ռումինիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության զոհերի թանգարան, որտեղ Թեոդոր Մելեշկանուն գրառում կկատարի հուշամատյանում:

Նույն օրը կստորագրվեն Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր:

Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարի այցի արդյունքները կամփոփվեն Թեոդոր Մելեշկանուի եւ Միքայել Հարությունյանի համատեղ ասուլիսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG