Մատչելիության հղումներ

Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործը բացահայտվե՞լ է


«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունն այսօր վկայակոչել է Ռուսաստանի Դաշնության դատախազությանն առընթեր հետաքննության կոմիտեի առավել կարեւոր գործերով ավագ քննիչ Պետրոս Ղարիբյանին, ով հայտարարել է, որ «Նովայա գազետա» թերթի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործը բացահայտված է:

«Այլ բան է, որ հարկ է բացահայտել ամբողջ շղթան՝ պատվիրատուից մինչեւ կատարող, եւ դատարանին ներկայացնել մեղավորության անժխտելի ապացույցներ», - ասել է Ղարիբյանը:

Նրա խոսքերով, մեղադրանք է ներկայացված 11 կասկածյալների: «Դրանով ցուցակը բնավ փակված չէ», - ասել է Պետրոս Ղարիբյանը եւ հավելել. - «Քիլերին մենք դեռ մեղադրանք չենք ներկայացրել, սակայն գիտենք, թե ով է նա»:

Այն հարցին, թե արդյոք կարելի՞ է ասել, որ ձերբակալված են սպանությունը կազմակերպելու եւ իրագործելու մեջ մեղադրվողները, Ղարիբյանը պատասխանել է. - «Ինչ վերաբերում է կատարողներին՝ այո, ինչ վերաբերում է կազմակերպիչներին, ապա եթե «կազմակերպիչ» ասելով նկատի ունեք նրանց, ովքեր համակարգել են կատարողների գործունեությունը, միմյանց հետ են կապել հանցավոր խմբավորման տարբեր օղակները՝ վերստին «այո»: Հիմա նպատակաուղղված աշխատում ենք միջնորդներին եւ կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է պատվիրատուներին՝ ունենք, այսպես ասեմ, շատ հետաքրքիր ենթադրություններ, բայց դրանից ավելին ասել չեմ կարող»:

Քննիչը հայտնել է, որ այս գործով ավելի վաղ ձերբակալված եւ հետագայում ազատ արձակված երկու կասկածյալներն առնչություն չունեն Պոլիտկովսկայայի սպանությանը:

Պետրոս Ղարիբյանը նշել է նաեւ, որ աղմկահարույց մեկ այլ հանցագործության՝ լրագրող Պոլ Խլեբնիկովի սպանության գործի հետաքննությունը նպաստել է Պոլիտկովսկայայի գործի բացահայտմանը:

Պատասխանելով այն հարցին, թե կա՞ արդյոք ուղղակի կապ այդ երկու գործերի միջեւ, Ղարիբյանն ասել է. - «Այդ գործերը չեն հատվում, սակայն կա անուղղակի առնչություն, տեսադաշտում են հայտնվում մարդիկ, ովքեր որպես վկա են անցել Խլեբնիկովի գործով: Այդ մարդկանց կապերը շատ ավելի վաղ ենք բացահայտել, նրանցից շատերը նախկինում էլ խնդիրներ են ունեցել օրենքի հետ, սակայն երկու սպանությունների ուղղակի փոխազդեցության մասին վաղ է խոսել»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG