Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(շաբաթ, 6-ը հոկտեմբերի)

«Հայք»-֊ը տեղեկացնում է. - «Երեկ առաջին նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանը այցելել է Սյունիք: Սիսիանում կայացած հանդիպմանը մասնակցել են ղարաբաղյան շարժման բազմաթիվ մասնակիցներ Սիսիանից, Վայքից, Եղեգնաձորից, Կապանից, Մեղրիից, Գորիսից: Հանդիպմանը հրավիրվել է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Վերջինս, պատճառաբանելով բազմազբաղվածությունը, թեեւ խոստացել է ավելի ուշ ներկայանալ մարզում կատարվող այդ իրադարձությանը, բայց այդպես էլ չի հասցրել: «Բա ինչո՞ւ ավելի շուտ չէիք ասել»,֊ - նեղսրտել է մարզպետը հեռախոսային հրավերին ի պատասխան: Հանդիպման ավարտին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե մինչ այդ նախագահի պաշտոնում իր առաջադրման հավանականությունը 30-֊ն ընդդեմ 70-֊ի էր, ապա այժմ առաջադրվելու եւ չառաջադրվելու հավանականությունը հավասարվեցին»:

«Հայոց Աշխարհ»-֊ը գրում է. - «Ահա արդեն 200 տարի շարունակ միանգամայն նորմալ երեւույթ է համարվում, երբ երիտասարդ հասակում մարդն ազատական է եւ հեղափոխական, իսկ տարիքն առնելով դառնում է պահպանողական։ Նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի ու նրա զինակիցների ողբերգությունն այն է, որ ժամանակի հետ նրանց գիտակցությունը չի փոխվում։ Այլապես ինչո՞վ բացատրել «կազմալուծելու ու կազմաքանդելու» կոչերը։ Նորից հեղափոխությո՞ւն»։

«Հայկական ժամանակ»-֊ը տեղեկացնում է. - «Ընդդիմադիր ուժերի միջեւ ընթացող բանակցությունները շարունակում են նոր ընթացք ստանալ: Մասնավորապես, նախօրեին 10 ընդդիմադիր կուսակցությունների բաժանվել է հայտարարության տեքստ, որտեղ առաջարկվում է բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են ժողովրդավարական ուժ, միանալ: «Հայաստանի ժողովրդի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին դիմագրավելու եւ առկա խնդիրների արդյունավետ լուծումներ գտնելու հարցում Հայաստանի նախկին եւ ներկայիս իշխանությունների անկարողությունը կասկածի տեղիք չի տալիս: Պորտալարով իրար հետ կապված հին ու նոր իշխանությունների ամենավառ գնահատականը ժողովրդի հիմնական մասի դառը հիասթափությունն է նրանցից»,֊ - նշված է հայտարարության մեջ»: Թերթը փաստում է. - «Առավել հետաքրքրական է այն, որ անհայտ է մնում հիշյալ հայտարարությունը նախաձեռնողի անունը»:

«Չորրորդ իշխանության» թղթակիցը պատմում է. - «Երեկ մենք փորձեցինք Ռուսաստանում հայկական հյուպատոսարանից տեղեկություններ ստանալ հանրապետական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի առողջական վիճակի, ապա նաեւ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ: Այս ճանապարհին բախվեցինք ամենաանկանխատեսելի իրադարձության: Երբ զրուցում էինք հյուպատոս Հայկ Հակոբյանի հետ, նա ասաց, որ թեեւ ի պաշտոնե պարտավոր է տեղեկություններ իմանալ պատգամավորի մասին, բայց պարտավոր չէ մեզ հայտնել, քանի որ դրա համար կա դեսպանատան մամլո խոսնակ: Խնդրեցինք մեզ փոխանցել մամլո խոսնակի հեռախոսահամարը եւ այստեղ հասկացանք, որ իսկապես գործ ունենք հայ չինովնիկի հետ: Հայկ Հակոբյանը նախ մեզ խնդրեց մի րոպե սպասել, որպեսզի ճշտի դեսպանատան մամլո խոսնակ Գեւորգ Մինասյանի հեռախոսահամարը, ապա ներքին հեռախոսակապով կապվեց Գեւորգի հետ ու հայտնեց, որ «Չորրորդ իշխանության» թղթակիցը ուզում է իր հետ խոսել: Բառացի մեջբերում ենք հայկական «դիվանագետների» զրույցից մի հատված, որը լսվում էր հեռախոսի լսափողից. - «Գեւորգ, «Չորրորդ իշխանություն» թերթից են զանգում, ուզում են Տիգրան Արզաքանցյանի հետ կատարվածի մասին ինչ-֊որ բան իմանալ, ասում են, որ մեծ աղմուկ է բարձրացրել: Հիմա ինքը ինձ չի լսում: Ցրե՞մ: Ուզում ես, ես քո համարը տամ, քո գործն է, կարաս հեռախոսը չվերցնես»: Այս «բազմաբովանդակ» ու «դիվանագիտական» զրույցից հետո դիվանագետի սիրալիրությամբ Հայկ Հակոբյանը մեզ փոխանցեց Գեւորգ Մինասյանի հեռախոսահամարը: Երբ նրա հետ զրույցից վայրկյաններ անց զանգահարեցինք Գեւորգին, բնականաբար, լսեցինք պատասխան, որ նա տեղում չէ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG