Մատչելիության հղումներ

Մասիս Մայիլյանը ձեռնպահ է մնում իր պաշտոնանկության վերաբերյալ մեկնաբանություններից


Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը ձեռնպահ մնաց իր պաշտոնանկության վերաբերյալ մեկնաբանություններից: «Ազատություն» ռադիոկայանին նա հայտնեց, որ կան տարբեր առաջարկներ, սակայն առայժմ հանգստանում է եւ միաժամանակ հետեւում քաղաքական զարգացումներին ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում, եւ որոշում կկայացնի ավելի ուշ:

Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահ Բակո Սահակյանը Մասիս Մայիլյանին փոխարտգործնախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրել է անցած շաբաթավերջին: Այդ պաշտոնում նշանակվել է Էդուարդ Աթանեսյանը, ով մինչ այդ Ղարաբաղի նախագահի առաջին օգնականն էր:

Սա առաջին դեպքն է, երբ արտգործնախարարի տեղակալը փոխվում է նախագահի հրամանագրով. նախկինում այդ պաշտոնում նշանակումները կատարվել են կառավարության որոշմամբ:

Մայիլյանը հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրություններում Բակո Սահակյանի հիմնական մրցակիցն էր եւ քվեարկության արդյունքներով զբաղեցրել էր երկրորդ տեղը: Մայիլյանի շտաբը միակն էր, որ ընտրությունների շրջանում արձանագրել էր խախտումներ եւ դրանց մասին երկու տասնյակից ավելի դիմում-բողոք էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Մայիլյանը Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունում աշխատում էր գերատեսչության ստեղծման օրվանից` 1993 թվականին, իսկ 2001 թվականից արտգործնախարարի տեղակալն էր: Նա դիվանագիտական կրթություն է ստացել արտերկրում` Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում:

Լեռնային Ղարաբաղի ներկայիս նախագահ Բակո Սահակյանը, ընտրությունների օրը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իր ընտրվելու դեպքում ինչպիսի՞ն կլինեն հարաբերությունները մրցակիցների հետ, եւ կպահպանե՞ն արդյոք նրանցից ոմանք իրենց պաշտոնները գործադիր իշխանությունում, մասնավորապես ասել էր. - «Քաղաքական կուլտուրան պահանջում է, որպեսզի պաշտոններ ունենան, առաջին հերթին, նրանք, ովքեր ընդգրկված էին իմ թիմում: Բայց դա չի նշանակում, որ իմ մրցակիցները կհետապնդվեն»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG