Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին ստեղծում է հակակոռուպցիոն խումբ


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաhակաշվիլին կարգադրել է ստեղծել «նախագահին առընթեր հակակոռուպցիոն հատուկ խումբ»: «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ այն ենթարկվելու է եւ հաշվետու է լինելու անձամբ նախագահին:

«Չնեղանաք, բայց իմացեք, որ խմբի գլխավոր նպատակն է ստուգել եւ հսկել ձեզանից յուրաքանչյուրին, այդ թվում` ձեր ազգականներին եւ մտերիմներին», - երեկ երեկոյան կառավարության նիստում ասել է Վրաստանի նախագահը:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Սահակաշվիլին ասել է, թե անհրաժեշտ է ակտիվացնել կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ վերջին ամիսներին բացահայտվել են ներկայիս կամ նախկին իշխանավորների մասնակցությամբ դրամաշորթումների, ապօրինի գործարքների եւ պաշտոնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դեպքեր, որոնցից շատերն ուշ են բացահայտվել, այնպես որ պետությունն արդեն մեծ կորուստ է կրել:

«Վերջերս մենք մի այնպիսի դաս ենք ստացել, որ այլեւս չենք կարող չխստացնել պայքարը կոռուպցիայի դեմ», - ասել է Սահակաշվիլին եւ իր վրդովմունքը հայտնել այն առիթով, որ իրավապահները չեն կանխել պաշտպանության նախարարության պետական գնումների բաժնի նախկին ղեկավար Յասոն Չիխլաձեի փախուստը Ռուսաստան:

«Ինչպե՞ս եք թույլ տվել, որ այդպիսի մարդը հայտնվի պաշտպանության նախարարությունում, դուրս պրծնի եւ հանգրվանի Ռուսաստանի Դաշնության տարածքում: Խոսքը մի մարդու մասին է, ով ունի սպառիչ տեղեկություններ նախարարության գնումների մասին: Էլ մեր ինչի՞ն է պետք հետախուզությունը, եթե այդ մարդն արդեն [Ռուսաստանի] Անվտանգության դաշնային ծառայությունում է: Երեւակայությունից վեր է, երբ մտածում ես, որ նախարարության գլխավոր պաշտոնյաներից մեկը նախկին քրեական է, որի մականունն էր «Գայլ»: Եթե դուք չստուգեք` արդյոք ձեր նախարարություններում չկա՞ն այդպիսի «գայլեր», ապա դա կանենք մենք», - ասել է Վրաստանի նախագահը:

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Միխեիլ Սահակաշվիլին հայտնել է, թե որոշել է ստեղծել հակակոռուպցիոն հատուկ խումբը այն բանից հետո, երբ սեպտեմբերի 27-ին իրավապահները կալանքի տակ են առել պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին, ով մեղադրվում է առավել խոշոր չափով դրամաշորթության եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ:

Ձերբակալությունից առաջ Օքրուաշվիլին ինքն էր նախագահին մեղադրել կոռուպցիայի, բռնատիրական գործելակերպի եւ ընդդիմախոսների սպանություններ ծրագրելու մեջ:

Իրակլի Օքրուաշվիլիի ձերբակալության հաջորդ օրը Թբիլիսիում տեղի են ունեցել նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ պահանջող կարգախոսով խոշոր ցույցեր:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության վերջին զեկույցում Վրաստանը կոռուպցիայի ընկալման ցուցիչով 179 երկրների ցուցակում զբաղեցրել է 79-րդ տեղը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG