Մատչելիության հղումներ

«Էկոնոմիստ»-ը անդրադարձել է ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառվող Հայոց ցեղասպանության բանաձեւին


Թուրքիան կանխել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախկինում ներկայացված բանաձեւերի ընդունումը ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից, սակայն այս անգամ պաշտոնյաները կանխատեսում են դրա ընդունումը ոչ միայն կոնգրեսական հանձնաժողովի, այլեւ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի կողմից: Այդ մասին գրել է բրիտանական «Էկոնոմիստ» հանդեսը:

«Բարդությունները, որոնք կարող են հաջորդել ամերիկյան Կոնգրեսի բանաձեւին» վերնագրված հոդվածում «Էկոնոմիստ»-ը անդրադառնում է Թուրքիայի նախազգուշացումներին, թե բանաձեւի ընդունումը վնաս կհասցնի թուրք - ամերիկյան հարաբերություններին:

«Թուրքերին ֆաշիստների հետ նույն կարգում դասելը անընդունելի է մեզ համար», - հայտարարել է մի թուրք պաշտոնյա:

Բանաձեւի ընդունման դեպքում Թուրքիայի հնարավոր պատասխան քայլերի շարքում բրիտանական հանդեսը մատնանշում է ամերիկացիներին Ինջիրլիքի ռազմակայանից օգտվելու հնարավորությունից զրկելը, որը Իրաքում եւ Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերին ոչ ռազմական բեռների մատակարարման հանգուցային կետ է:

«Էկոնոմիստ»-ը կարծիք է հայտնում նաեւ, թե Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը «ջուր կլցնի ազգայնականների ջրաղացին» Թուրքիայում, որտեղ արդեն այսօր, գերմանական «Մարշալ» հիմնադրամի անցկացրած հարցումների արդյունքներով, ԱՄՆ-ի նկատմամբ դրական է տրամադրված բնակչության ընդամենը 11 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG