Մատչելիության հղումներ

Կլաուդիա Ռոթ. «Դինքին սպանողին պատժելը սոսկ սառցալեռան գագաթն է»


Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանողին ձերբակալելը եւ պատժելը «կվերացնի սոսկ սառցալեռան գագաթը»: Այդ մասին հայտարարել է գերմանական «90/Կանաչների կուսակցություն» դաշինքի համանախագահ եւ գերմանա - թուրքական պատգամավորական բարեկամության խմբի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը:

«Ինչպես բոլորս գիտենք, «Տիտանիկ»-ը այդ գագաթի պատճառով չի խորտակվել. պատճառը այն էր, ինչ թաքնված էր ջրի խորքում», - «Զաման» թերթին տված հարցազրույցում ասել է գերմանացի քաղաքական գործիչը` կոչ անելով սպանության լիակատար քննություն իրականացնել եւ Թուրքիայի Քրեական օրենսգրքից հանել «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար պատիժ սահմանող 301 հոդվածը, որով Դինքը ժամանակին դատարանի առջեւ էր կանգնել:

Ռոթը համոզմունք է հայտնել, որ այս տարվա հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրատան առջեւ տեղի ունեցած ոճրագործության մեջ ներգրավված է այսպես կոչված «խորքային պետությունը»` թուրքական պետության ստվերային տարրերը, որոնք համագործակցում են հանցավոր խմբերի հետ` «պետության շահերը պաշտպանելու» համար:

Նա մատնանշել է թուրքական մամուլի պնդումները, որ Դինքի սպանությունը կատարելու համար մեղադրվող 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի հայրենի Տրապիզոն քաղաքում ոստիկանությունը տեղյակ է եղել նախապատրաստվող հանցագործության մասին:

«Խորքային պետությունը» սոսկ տեսություն չէ, այն իրականում գոյություն ունի: Թուրքիայի անվտանգության եւ դատական կառույցները պետք է մաքրվեն նման տարրերից` ինչ-որ մեկի կողմից, ով այդ հարցում կգործի վճռականորեն եւ անսասան», - հայտարարել է Կլաուդիա Ռոթը:

«Եվրոպան ուշադրությամբ հետեւում է քննության ընթացքին եւ այն համարում է առաջին փորձությունը, որը ցույց է տալու, թե կառավարությունը որքանո՞վ է լուրջ ընդունում իր իսկ խոստումները», - վստահեցրել է գերմանացի գործիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG